Նուբար Աֆեյանի Moderna-ն սպասում է հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրման ու տարածման արտոնագրին

12:05 • 17.12.20

Moderna դեղագործական ընկերությունը, որի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն է, հավանաբար շատ շուտով կստանա կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութն արտադրելու ու տարածելու արտոնագիր, քանի որ ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի վարչության անդամներն այս պատվաստանյութի մեջ լուրջ մտահոգող փաստեր չեն հայտնաբերել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ըստ վարչության փորձագետների՝  երկու չափաբաժիններով տրամադրվող պատվաստանյութը մեծ արդյունավետություն է գրանցել Covid 19-ի տարածումը կանխելու հարցում և 18-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ չի գրանցել վտանգավոր կողմնային ազդեցություններ:

Այսպիսի մեկնաբանություններ են տեղ գտել այն փաստաթղթերում, որոնք դրված են քննարկման: Քննարկումներ, որոնց արդյունքից է մեծապես կախված Moderna-ի պատվաստանյութի արտոնագրի ճակատագիրը:

Moderna-ն արտոնագիր ստանալուց հետո կդառնա ԱՄՆ-ում իր պատվաստանյութն արտադրելու իրավունք ստացած երկրորդ ընկերությունը Pfizer և գերմանական BioNTech համատեղ ընկերություններից հետո: Pfizer-ի պատվաստանյութի ներարկումները սկսվել են երկուշաբթի օրվանից, և հույս կա, որ նաև Moderna-ի պատվաստանյութի միջոցով շուտով կիրականացվեն այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում 20 միլիոն անձանց պատվաստելու խոստումները:

Նուբար Աֆեյանի Moderna-ն սպասում է հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրման ու տարածման արտոնագրին