«Հույսի նշույլներ». հեղինակավոր Science հանդեսը ռուսական Sputnik V պատվանյութն անվանել է 2020-ի կարևորագույն ձեռքբերումներից մեկը

12:23 • 18.12.20

Առաջատար գիտական հանդես Science-ը համաշխարհային գիտության զարգացման վրա ազդող ամենակարևոր հայտնագործությունների տասնյակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծումն անվանել է 2020 թվականի հիմնական գիտական առաջընթացը: Այս մասին նշված է հրատարակության կայքում:

Հոդվածում, մասնավորապես, կարևորվել են ռուսական Sputnik-V, ինչպես նաև Moderna-ի և Pfizer/BioNTech-ի պատվանյութերի դերը:

Ըստ ամսագրի գլխավոր խմբագիր, քիմիկոս Հոլդեն Թորփի՝ արդեն հստակ էր, որ ամենակարևոր գիտական առաջխաղացումը կապված կլինի Covid-19-ի հետ, բայց որ այն պատվաստանյութի ստեղծման մասին կլինի, պարզ է դարձել միայն վերջին շաբաթներին:

«Երկար ժամանակ մեզ թվում էր, որ պատվաստանյութի հույս ունենալ չենք կարող, բայց իրականում սկսվել է աշխարհի բնակչության պատվաստման գործընթացը», - նկատել է նա:

Ամենակարևոր հայտնագործությունների ցուցակում են նաև «CRISPR / Cas9»-ի (եզակի տեխնոլոգիա, որը գենետիկներին հնարավորություն է տալիս խմբագրել գենոմի մասեր` հեռացնելով, ավելացնելով կամ փոփոխելով ԴՆԹ-ի հատվածները կամ հաջորդականությունը,- Tert.am) հիման վրա ստեղծված գենաթերապիան, որի նպատակն է բուժել արյան հիվանդությունները,  Ծիր Կաթին համաստեղության ներսում «FRB» բռնկումների ազդանշանների (եզակի ռադիազդանշաններ, որոնք երբևէ չեն դիտվել,- Tert.am) աղբյուրի հայտնաբերումը, ինչպես նաև Սուլավեսի կղզում գազանամարդկանց (Homo Sapiens Variatus` տարածված տերմին է մարդկային տեսակի մուտացիաները նկարագրելու համար, որի ընթացքում սուբյեկտը ստանում է կենդանու՝ սովորաբար այծի արտաքին տեսք,- Tert.am) հնագույն փորագրությունների հայտնաբերումը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ ռուս գիտնականները աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 26 տարբերակների ստեղծման վրա:

Sputnik V-ն, որը մշակվել է Գամալեյայի կենտրոնի մասնագետների կողմից, դարձել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում և Ռուսաստանում: Այն գրանցվել էր օգոստոսի 11-ին:

«Հույսի նշույլներ». հեղինակավոր Science հանդեսը ռուսական Sputnik V պատվանյութն անվանել է 2020-ի կարևորագույն ձեռքբերումներից մեկը