Բրիտանիայում կորոնավիրոսի՝ արագ տարածվող տեսակ են հայտնաբերել
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսը տարածվում է մեծ արագությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթիի հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ Անգլիայի հարավարևելյան շրջաններում արագորեն աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, և շնչառական վիրուսների հարցով խորհրդատվական մարմինը երկրի բնակիչներին խորհուրդ է տվել ավելի զգույշ լինել:
«Մենք նախազգուշացրել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և շարունակում ենք վերլուծել հասանելի տվյալները իրավիճակն ավելի լավ հասկանալու համար: Դեռևս տվյալներ չունենք առ այն, որ վիրուսի նոր տեսակը մահացության առավել բարձր աճի է հանգեցնում, սակայն անհապաղ հետազոտություններ են իրականացվում՝ դա հաստատելու համար»,- ասվում է Ուիթիի հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի նոր տեսակի մասին տեղեկություն ստանալուց հետո հանդիպում է անցկացրել կառավարության հետ:
Երկրի վարչապետը խոստացել է դեկտեմբերի սկզբին Միացյալ Թագավորությունում հայտարարված սահմանափակումները մեղմացնել դեկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում՝ թույլատրելով մի քանի ընտանիքներին հավաքվել և միասին նշել Սուրբ Ծնունդը:
Մեծ Բրիտանիայում համաճարակի ողջ ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 004 219 դեպք, որից 67 075-ը՝ մահվան ելքով:










