WhatsApp-ը տեսազանգի գործառույթով կհամալրվի. Reuters

12:47 • 19.12.20

WhatsApp հաղորդագրությունների ծրագիրը (մեսենջեր) հաջորդ տարի կներկայացնի իր համակարգչային տարբերակում զանգեր և տեսազանգեր կատարելու հնարավորությունը: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով WhatsApp-ի ներկայացուցչի խոսքերը:

Գործակալության տվյալներով՝ մեսենջերի որոշ օգտատերերի համար այս գործառույթներն արդեն իսկ հասանելի են ամանորյա արձակուրդների ընթացքում փորձնական ռեժիմում:

Նշվում է, որ տեսազանգերի ի հայտ գալը կարող է WhatsApp-ին դարձնել Zoom և Google Meet պլատֆորմների մրցակից:

Հիշեցնենք՝ Zoom-ն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Ամանորի արձակուրդներին կվերացնի անվճար հաշիվների 40 րոպեանոց տեսակոնֆերանսի սահմանաչափը: Իր հերթին Google Meet-ը հայտարարել էր, որ չեղյալ կհայտարարի անվճար զանգերի 60 րոպեանոց սահմանաչափը մինչև մարտ:

Նշենք՝ WhatsApp-ն անվճար տեքստային ու ձայնային հաղորդագրություններ ուղարկելու ծառայություն է: 2014-ին այս մեսենջերը ձեռք է բերվել Facebook-ի կողմից՝ 19 միլիարդ դոլարով: Փետրվարին մեսենջերի օգտատերերի թիվը հատել է 2 միլիարդի սահմանը:

WhatsApp-ը տեսազանգի գործառույթով կհամալրվի. Reuters