Ալյասկայում գայլի ձագի մումիա են հայտանաբերել, որն ապրել է 57 000 տարի առաջ
Ալյասկայի ոսկու հանքերից մեկում հնագետները պատահաբար գայլի ձագի հնագույն մումիա են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ ներկայացնելով Current Biology ամսագրում հրապարակված տվյալները:
Նշվում է, որ գտածոն գայլի ամենաամբողջական մումիան է, որը երբևէ հայտնաբերվել է: «Ըստ էության, մենք ստացել ենք հնագույն գիշատչի ամբողջական մարմինը՝ բացառությամբ աչքերը: Մնացորդների լավ պահպանվածության շնորհիվ կկարողանանք վերապատկերել այդ գայլի կյանքը»,- ասել է հետազոտության համահեղինակ Ջուլիա Միչենը:
Մասնագետի խոսքով՝ մարդու կամ կենդանու մարմինը մումիայի կարող է վերածվել ոչ միայն հատուկ նյութերով մշակման արդյունքում, այլ նաև բնական գործընթացների ազդեցության տակ, որոնք խանգարում են մնացորդներին քայքայվել:
Միչենն ու նրա գործընկերները հայտնագործությունն արել են, երբ նրանց օգնությանն են դիմել տեղի հանքավայրի աշխատակիցները: Նրանք աշխատանքների ժամանակ պատահաբար գտել էին հնագույն կենդանու սառած մարմին:
Ուսումնասիրելով գտնված մարմինը՝ մասնագետները պարզել են, որ այն կշռում է 670 գրամ, իսկ երկարությունը կազմում է 42 սմ: Ինչպես պարզվել է, դա գայլի ձագ է եղել, որը սատկել է մոտավորապես 57 000 տարի առաջ:










