Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութն առաջինն ստացել է մի 101-ամյա մի կին
Գերմանիայի Հալբերշտադտ քաղաքում (Սաքսոնիա-Անհալթ դաշնային հող) դեկտեմբերի 26-ին մեկնարկել է պատվաստումը կորոնավիրուսի դեմ:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, առաջին ներարկումն ստացել է ծերանոցի 101-ամյա մի բնակչուհի Էդիթ Կվոյցալլան:
Հաղորդվում է, որ կինը հանգիստ և ժպտալով է տարել պատվաստման ընթացքը: Վարչական շրջանի իշխանությունները նախապես ճշտել են ծերանոցի ղեկավարության հետ՝ պատրաստ է արդյոք հաստատությունը մասնակցել պատվաստման գործընթացին:
Ընդհանուր առմամբ, հաստատության 40 բնակիչ է պատվաստվել, ինչպես նաև 10 աշխատակից: Որպես պատվաստանյութ կիրառվել է գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer ընկերությունների համատեղ ստեղծած դեղամիջոցը:
Պաշտոնապես պատվաստման գործընթացը Գերմանիայում մեկնարկելու է դեկտեմբերի 27-ին:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Գերմանիայում գերազանցել է 1,6 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 30 000-ը:










