ԱՀԿ-ում վստահ են, որ կորոնավիրուսի մուտացիաները շարունակվելու են  

23:34 • 28.12.20

 

Կորոնավիրուսի մուտացիան կշարունակվի նաև հետագայում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման վստահություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովեն:

«Մուտացիան շարունակվում է: Մուտացիան բնական գործընթաց է: Վիրուսի վրա դա առանձնապես չի անդրադառնա, սակայն մենք պետք է շարունակենք ուսումնասիրել այդ տարբերակներն, այդ թվում՝ փոխանցման հավանականության տեսանկյունից»,- ասել է փորձագետը:

Վերջինս ընդգծել է, որ ԱՀԿ-ն շարունակում է ուշադրությամբ հետևել իրավիճակին և աշխատել գիտնականների հետ ողջ աշխարհով մեկ: Բացի այդ, նրա խոսքով՝ կազմակերպության ներսում ևս կան մասնագետներ, որոնք զբաղվում են վիրուսի նոր տարբերակների ուսումնասիրությամբ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին դեկտեմբերի 14-ին հայտնել էր Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը: Նոր շտամը տարածվում է եվրոպական այլ երկրներում ևս:

Բացի այդ, վիրուսի ևս մեկ շտամ է հայտնաբերվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որն, ըստ ԱՀԿ-ի մասնագետների, կապ չունի բրիտանականի հետ:

ԱՀԿ-ում վստահ են, որ կորոնավիրուսի մուտացիաները շարունակվելու են