ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացում է կանխատեսել

09:30 • 29.12.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերկխովան հայտարարել է, որ կորոնավիրուսի մուտացիաները կշարունակեն առաջանալ նաև հետագայում։

«Մուտացիան շարունակվելու է։ Մուտացիան բնական գործընթաց է։ Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել այդ տարբերակները, այդ թվում՝ հնարավոր փոխանցման տեսանկյունից»,-ասել է նա:

Կերկխովան նշել է, որ ԱՀԿ-ն շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին և աշխատել աշխարհի մասնագետների հետ՝ հավելելով, որ ԱՀԿ-ն նույնպես ունի մասնագետների թիմեր, որոնք ուսումնասիրում են կորոնավիրուսի նոր տարբերակները:

«Նրանց աշխատանքի արդյունքները կներկայացվեն առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհան Ղեբրեյեսուսն, իր հերթին, հայտնել է, որ կազմակերպությունն աշխատում է աշխարհի տարբեր գիտնականներ հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է փոխվում կորոնավիրուսը։

Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:

Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում

 

ԱՀԿ-ն կորոնավիրուսի նոր մուտացիաների առաջացում է կանխատեսել