Գերմանիայում 23 գնացքի բնականոն աշխատանքը խափանվել է զուգընկերոջ մահը սգացող կարապի պատճառով

10:11 • 29.12.20

Գերմանիայում 20-ից ավելի գանցք կանգ է առել երկաթուղու վրա զուգընկերոջ մահը սգացող կարապի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով տեղի ոստիկանությանը:

Presse Portal կայքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հայտարարության համաձայն՝  «հատուկ փրկարարական գործողություն» պահանջող միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին Կասելը (Հեսսենի շրջան) և Գյոտինգենը (Ստորին Սաքսոնիա շրջան) միացնող երկաթուղում:

Երկու կարապ թռչել են գերարագ երկաթուղու տարածքում, երբ թռչուններից մեկը սատկել է՝ ենթադրաբար դառնալով կապի լարերի զոհ: Ողջ մնացած զուգընկերը չի ցանկացել լքել դեպքի վայրը, իսկ նրան ճանապարհից հեռացնելու բազմակի փորձերը  հաջողություն չեն բերել:

Օգնության են հասել հրշեջները, որոնք հատուկ տեխնիկայի օգնությամբ բարձրացրել  են թռչնին:

«Փրկարարական աշխատանքի շնորհիվ 23 գնացքի մեկնում հետաձգվել է մոտ 50 րոպեով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Փրկված կարապը հետագայում բաց է թողնվել Ֆուլդա գետում: