ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման առաջին դեպքը
Ամերիկացի փորձագետները դեկտեմբերի 29-ին երկրի տարածքում գրանցել են կորոնավիրուսի՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերած նոր շտամով վարակման առաջին դեպքը, որը գրանցվել է Կոլորադո նահանգում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսին:
«Այսօր մենք Կոլորադոյում հայտնաբերել ենք COVID-19 B.1.1.7 տարատեսակով վարակման առաջին դեպքը, նույնը, ինչ հայտնաբերվել է Միացյալ Թագավորությունում»,-ասել է նահանգապետը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Կոլորադոյում «վիրուսի այս տարատեսակը առաջինն է գրանցվել ԱՄՆ-ի տարածքում»:
Փոլիսի խոսքերով` վարակվածը 20-ից 29 տարեկան երիտասարդ է: Նա մեկուսացված է: Իշխանությունների խոսքով ՝ վերջին շրջանում նա երկար ճանապարհորդություններ չի կատարել:
«Մենք դեռ շատ բան չգիտենք COVID-19-ի այս նոր տարատեսակի մասին, բայց Միացյալ Թագավորության գիտնականները նախազգուշացնում են աշխարհին, որ այն զգալիորեն ավելի վարակիչ է»,-նշել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ վիրուսի նոր տեսակի տարածման մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր դեկտեմբերի 14-ին: Հայտնի է, որ այն ավելի արագ է տարածվում, սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին տեղեկություններ դեռևս չկան:
Վիրուսի «բրիտանական» տեսակով վարակման դեպքեր են հայտնաբերվել եվրոպական մի շարք այլ երկրներում ևս՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, ինչպես նաև Ճապոնիայում:










