Մենք բավարար հնարավորություն չունեցանք կրթության հեռավար համակարգը լիարժեք կիրառելու․ կրթական համակարգը, ծնողները, երեխաները դեռևս պատրաստ չեն այդ համակարգին. Սերոբ Խաչատրյան
Հեռավար կրթության դրական կողմն այն էր, որ մարդիկ հասկացան՝ անհրաժեշտ է տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաների, որովհետև կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ հնարավորություն չունենան դպրոց գնալու և պետք է օգտվել տեխնիկայի հնարավորությունից: Այս ընթացքում ուսուցիչների և դասախոսների շրջանում բավական մեծ թվով վերապատրաստումներ եղան, և նրանք բավականին շատ բան սովորեցին և հասկացան, որ թվային գործիքները կարևոր են, այդ իմաստով կորոնավիրուսը մի փոքր զգաստացրեց. Tert.am-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով հեռավար կրթության դրական և բացասական կողմերին:
«Այնուամենայնիվ, մենք բավարար հնարավորություններ չունեցանք հեռավար կրթությունը լիարժեք իրականացնելու, քանի որ կրթական համակարգը, ծնողները, երեխաները դեռևս պատրաստ չեն այդ համակարգին, քանի որ հեռավար կրթությունը նշանակում է բոլորովին նոր գործիքակազմի կիրառում: Հեռավար կրթության սխալներից մեկն այն էր, որ հեռավար դասն անցկացնում էինք այնպես, ինչպես դասարանում, բայց հեռավար կրթությունը ենթադրում է տարբեր մոտեցումների կիրառում: Սակայն դա իրականացնելու համար պետք է ուսուցիչները և դասախոսները շատ հմուտ լինեին, երեխաներն էլ պետք է ունենային ինքնուրույն սովորելու կարողություն»,-նշեց նա։
Փորձագետի կարծիքով՝ հեռավար կրթության ժամանակ սովորողի հանդեպ վերահսկողությունը թուլանում է, հնարավոր է, որ երեխան դասապրոցեսին ավելի պասիվ մասնակցի՝ տեսախցիկը անջատի և այլ գործերով զբաղվի:
Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանում սոցիալական վիճակը, ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որ հեռավար կրթությունը հասանելի լինի բոլորին, Խաչատրյանը պատասխանեց, որ պատերազմի պատճառով տնտեսությունը բավական վատ վիճակում է և ակնկալել, որ անապահով վիճակը, տնտեսական վիճակը կլավանա, այդքան էլ իրատեսական չէ, և այդ խնդիրը կշարունակվի մնալ դեռ տևական ժամանակ:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած բուհերին՝ նա նշեց, որ խնդիր չի տեսնում, որ մարդիկ կամ մարդկանց խմբեր իրենց դիրքորոշումն են արտահայտում, սակայն կարևոր է` դա ազատ կամարտահայտման միջոցով է իրականանում, թե՞ խմբային պարտադրանքով:
«Կարծում եմ, որ մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց դիրքորոշումը, ինչը ես նորմալ եմ համարում: Ցավոք սրտի, մեր հասարակությունում ցնցումներն այնքան շատ են, որ համալսարանների համար շատ դժվար է այդ ցնցումներից հեռու մնալ, քանի որ իրենք էլ են հասարակության մաս: Կան բուհեր, որոնք կարծիք չարտահայտեցին, ինչպես, օրինակ, Ագրարային համալսարանը, միգուցե պատճառն այն է, որ այդ համալսարանի ռեկտորը հեղափոխությունից հետո է ընտրվել, նույնը նաև Տնտեսագիտական համալսարանում, որի ռեկտորի ընտրությունը վերջերս հաստատվեց: Բայց այն բուհերում, որտեղ չկան ռեկտորներ և ժամանակավոր պաշտոնակատարներն էին ղեկավարում, ինչպես օրինակ՝ Շիրակի և Երևանի պետական համալսարանում, կոլեկտիվ արտահայտումներ եղան, որոշ բուհերում էլ առանձին խմբեր իրենց կարծիքը հայտնեցին»,- ասաց նա:
Կրթության փորձագետի խոսքով՝ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ընտրությունների ժամանակ դասախոսները տարբեր խմբերի և թեկնածուներին են պաշտպանում, ինչը տեսնում ենք նաև ԱՄՆ-ի օրինակով:
«Պետք է նկատի ունենալ, որ ուսանողներն էլ խայտաբղետ են, բոլորը չէ, որ նույն կերպ են մտածում: Այստեղ նրբությունն այն է, որ դասախոսի կողմից որևէ թեկնածուի դեմ կամ կողմ լինելը բացասաբար չազդի դասախոս -ուսանող հարաբերության վրա, ցանկալի է, որ այդ հարաբերություններում չլինեն քաղաքական կողմնորոշումներ, քանի որ այն կարող է ազդել կրթության որակի վրա: Վատ է նաև այն հանգամանքը, որ մենք բազմազանության սովոր չենք, մենք սովոր ենք, որ բոլորը պետք է նույն կերպ մտածեն»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը:










