Թուրքական Türksat 5А արբանյակը տիեզերք է արձակվել
Թուրքական նոր Türksat 5А գեոստացիոնար հեռահաղորդակցային արբանյակը Երևանի ժամանակով հունվարի 8-ին 06:15-ին տիեզերք է արձակվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Կանավերալ հրվանդանի ավիաբազայից: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական 5-րդ սերնդի արբանյակը, որն արձակվել է ամերիկյան Space X ընկերության կողմից առաջին ազդանշանն ուղարկել է արձակումից 35 րոպե անց: Արբանյակը կսկսի ամբողջ թափով աշխատել 4 ամիս անց:
Արբանյակը կտրամադրի 1728 մեգահերց հզորությամբ հեռուստատեսային հեռարձակման և տվյալների փոխանցման ծառայություններ աշխարհագրական այնպիսի տարածության մեջ, որն ընդգրկում է Թուրքիան, Եվրոպան, Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկան, Կենտրոնական-Արևմտյան Աֆրիկան, Հարավային Աֆրիկան, Միջերկրական ծովը, Էգեյան և Սև ծովի շրջանները:










