Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը
Twitter-ը կկանխի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Twitter-ի հայտարարությունը:
Դրանում նշվում է, որ եթե արգելափակումը շրջանցելու նպատակով մեկ այլ օգտահաշիվ օգտագործվի, ապա այն նույնպես կարգելափակվի:
«Ինչ վերաբերում է կառավարական էջերին, ինչպիսիք են @POTUS-ը և @WhiteHouse-ը, մենք չենք արգելափակի այդ էջերի աշխատանքը, սակայն միջոցներ կձեռնարկենք դրանց օգտագործումը սահմանափակելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Twitter-ի քաղաքականությունն արգելում է կողմնակի անձանց Թրամփի ցուցումով կառավարել թվիթերյան էջը:
Twitter-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդմիշտ արգելափակում է Թրամփի անձնական էջը բռնության հրահրման ռիսկի պատճառով: Թրամփը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը դրանով իրեն չի լռեցնի:
«Դուք չեք կարող մեզ լռեցնել»,- նշվում է Սպիտակ տան տարածած Թրամփի հաղորդագրությունում:
Համապատասխան հայտարարությունը հայտնվել է նաև Twitter-ում ԱՄՆ նախագահի պաշտոնական հաշվին, սակայն ընկերությունն անմիջապես հեռացրել է այն:
«Ես կանխատեսում էի, որ դա տեղի կունենա: Մենք բանակցություններ ենք վարում տարբեր այլ կայքերի հետ և շուտով մեծ հայտարարություն կունենանք: Մենք ուսումնասիրում ենք առաջիկայում սեփական հարթակ կառուցելու հնարավորությունները», - գրել է Թրամփը:
Նա նաև շեշտել է, որ «Twitter-ն ավելի ու ավելի է գնում խոսքի ազատությունն արգելափակելու ուղղությամբ»:










