Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը ներկայացրել է ֆուտուրիստական քաղաքի նոր մոդելը (լուսանկարներ)

12:38 • 11.01.21

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, որը NEOM-ի (անդրսահմանային քաղաք, որը նախատեսվում է կառուցել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Տաբուկ նահանգում) տնօրենների խորհրդի նախագահն է, հայտարարել է NEOM քաղաքում THE LINE -ի՝ ապագա քաղաքային հասարակությունների նոր մոդելի գործարկման մասին, որն ուղղված է բնության հետ հավասարակշռության ապահովմանը, հաղորդում է english.alarabiya.net-ը։

THE LINE-ն ներկայացնում է 170-կիլոմետրանոց քաղաք՝ առանց մեքենաների և ճանապարհների, բնության 95%-ի պահպանմամբ՝ ածխածնի երկօքսիդի զրոյական արտանետումներով։

Նշվում է, որ THE LINE-ը կստեղծի շուրջ 380 000 աշխատատեղ և մինչև 2030 թվականը երկրի համախառն ներքին արդյունքի մեջ 180 մլրդ ռիալի (48 մլրդ դոլար) ներդրում կունենա։

THE LINE is a 170km belt of hyper-connected future communities, without cars and roads and built around nature. (NEOM)

«Պատմության ամբողջ ընթացքում քաղաքները կառուցվել են իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո մարդկանց փոխարեն քաղաքները նախապատվությունը տալիս էին մեքենաներին, սարքավորումներին ու գործարաններին։ Աշխարհում առավել զարգացած համարվող քաղաքներում մարդիկ տարիներ են վատնում երթևեկելու համար․ մինչև 2050 թվականը այդ ուղևորությունների տևողությունը կկրկնապատկվի։ 2050 թվականին ածխածնի երկօքսիդի արտանետումների և ծովի մակարդակի աճի պատճառով մեկ միլիարդ մարդ ստիպված կլինի տեղահանվել: Մարդկանց 90 տոկոսը շնչում է աղտոտված օդ։ Ինչո՞ւ պետք է զոհաբերենք բնությունը հանուն զարգացման։ Ինչո՞ւ է ամեն տարի յոթ միլիոն մարդ մահանում շրջակա միջավայրի աղտոտման պատճառով: Ինչո՞ւ պետք է ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով մարդիկ կորցնենք։ Եվ ինչո՞ւ մեր կյանքի տարիները պետք է զուր վատնենք ճանապարհների վրա։ Հետևաբար, մենք պետք է սովորական քաղաքի հայեցակարգը վերափոխենք ֆուտուրիստական հայեցակարգով»,- ասված է գահաժառանգ արքայազնի հայտարարության մեջ։

A coastline of NEOM, cross-border city in the Tabuk Province of northwestern Saudi Arabia. (NEOM)

Նշվում է, որ տրանսպորտային երթևեկությունների փոխարեն մշակվել են գերարագ տրանզիտային և ինքնավար շարժական լուծումներ, որպեսզի նվազեցնեն ճանապարհի ժամանակը և բնակիչներին հնարավորություն տան կենտրոնանալ իրենց առողջության վրա: Ամենաերկար ճանապարհորդությունը, ինչպես սպասվում է, կտևի ոչ ավելի, քան 20 րոպե, ասված է հայտարարության մեջ:

Շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարվա առաջին եռամսյակում։

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը NEOM նախագծի մեկնարկի մասին հայտարարել էր 2017 թվականին․ NEO-ն ծագում է լատիներեն «նոր» բառից, իսկ M-ն՝ արաբական Mostaqbal բառի հապավումն է, որը նշանակում է «ապագա»:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը ներկայացրել է ֆուտուրիստական քաղաքի նոր մոդելը (լուսանկարներ)