Անընդունելի է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նշանակի վարչապետը. Անի Սամսոնյան

17:11 • 18.01.21

Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ մեր քաղաքական ուժը երկու սկզբունքային դիրքորոշում է ներկայացրել: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը:

«Առաջին հարցը վերաբերել է մոդելին, թե ինչպիսի հակակոռուպցիոն մարմին պետք է լինի, և պնդել ենք ունիվերսալ մոդելը, իսկ իշխանությունն ընտրել է տարանջատված մոդելը»,- ասաց նա և նշեց, որ այժմ իշխանությունը ներկայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի մասին մի նախագիծ, որի տնօրեն նշանակելու է վարչապետը: «Սա մեզ համար անընդունելի է»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը նշեց, որ նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը, և ղեկավարը նշանակվել է վարչապետի կողմից, սակայն այդ մարմինը կարճ ժամանակահատվածում կուսակցականացվել է և դարձել է գործադիրի գործիքը, իսկ այդ դեպքում դա աշխատում է քաղաքական ընդդիմախոսների դեմ:

«Որպեսզի մեզ մոտ տպավորություն չստեղծվի, որ ստեղծում եք հերթական մարմինը  քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար, մենք առաջարկում ենք, որ մեխանիզմը փոխվի: Մենք կարող ենք հետաձգել մարմնի ընտրությունը,  բայց կարող ենք ստեղծել այնպիսի մարմին, որի ղեկավարին կընտրի Ազգային ժողովը: Սա է լինելու այդ մարմնի անկախության միակ երաշխիքը, մնացած բոլոր մեխանիզմների դեպքում վստահությունը չենք ունենալու»,-ասաց նա: