«Իրանն ունի ռազմական հաջողություններ, որոնց մասին բարձրաձայնել չենք կարող». Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հայտնել է նոր զորավարժությունների մասին
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Իրանը վաղը զորավարժություններ է սկսելու երկրի հարավային շրջաններում, հայտնում է almasdarnews.com լրատվականը` վկայակոչելով Իսլամական հանրապետության լրատվական գործակալությանը (IRNA):
Սրբազան պաշտպանության արժեքների պահպանության հիմնադրամի համաժողովի ընթացքում Բաղերին ասել է, որ Թեհրանը հաջող վարժանքներ է իրականացնելու՝ չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կառավարման վերջին օրերին հնչեցրած սպառնալիքներին: Դոնալդ Թրամփի նախագահական լիազորություններն ավարտվում են երկու օրից ՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պաշտոնական երդմնակալությամբ:
«Իրանի բանակի ցամաքային ուժերը վաղը զորավարժություններ կսկսեն՝ օդային և հատուկ նշանակության, ինչպես նաև արագ արձագանքման ջոկատների հետ` երկրի հարավային շրջաններում գտնվող Մաքրանի ափերի մոտ», - ասել է ԶՈՒ ԳՇ պետը` նշելով, որ կան իրանական ռազմական հաջողություններ, որոնց մասին բարձրաձայնել չեն կարող:
Իր հերթին, Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Գումարթ Հեյդարին, իրանական Tasnim լրատվական գործակալությանն ասել է, որ «Մեծ մարգարե -15» զորավարժություններն սկսվելու են վաղը:
Նա նշել է, որ «Մեծ մարգարե -15» զորավարժություններն անցկացվելու են օդուժի 55-րդ, հատուկ զորքերի 65-րդ և արագ արձագանքման զորքերի 223-րդ զորքերի մասնակցությամբ և Իրանի բանակի օդուժի աջակցությամբ:
Զորավաժությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունների ավարտից մեկ օր առաջ, հայտնում է թերթը:










