ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար․ ԱԺ-ում քննարկվեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց Կառավարության կողմից ներկայացված «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը հայտարարեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՊԵԿ-ին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը նախատեսվում է օգտագործվել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են, ի թիվս այլ նպատակների, մաքսանենգության, ինչպես նաև ՀՀ մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: Նախագծի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին կհատկացվի մարտական զենք»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախագծին տրվել է դրական եզրակացություն։










