ՌԴ-ն Թուրքիային սահմանակից սիրիական նահանգում լրացուցիչ ուժեր է կուտակում

12:10 • 18.01.21

Ռուսաստանը լրացուցիչ դիրքեր է տեղադրում Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե նահանգում: Թուրքիային սահմանակից շրջանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության լրացուցիչ ուժեր են կուտակվում: Այս մասին գրում է Военное Обозрение կայքը:

Ըստ ռուս-սիրիական համատեղ դիտակետի ավագ, մայոր Դմիտրի Սունցովի՝ շուրջ 300 ռազմական ոստիկան է տեղակայվում Հասեքեում՝ Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ դիրքեր կազմակերպելու համար: Հիմնական նպատակն է վերահսկել հրադադարի ռեժիմը և կայունացնել իրավիճակը:

«Մեր ստորաբաժանումը հասել է Հասեքե նահանգի համատեղ դիտակետերից մեկը: Հիմնական խնդիրն է նպաստել տարածաշրջանում հակամարտության սրման նվազեցմանը: Մեր զինծառայողները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև ամեն տեսակի օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը»,-նշել է Սունցովը:

Այս պահին նահանգ է ժամանել ռազմական ոստիկանության առաջին ստորաբաժանումը, առաջիկայում ևս մի քանիսը կմիանան դրան: Ստորաբաժանումներում ներառված է միայն Սիրիայում աշխատանքներ կատարելու փորձ ունեցող պատրաստված ռազմական անձնակազմ: