Հակակոռուպցիոն դատարանի խորհրդատվական եզրակացությունը նրա համար չէ, որևէ մեկը բանի տեղ չդնի, բայց դա չի նշանակում, որ այն կանխորոշում է ելքը. Ռուստամ Բադասյան

16:13 • 18.01.21

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը, որը ներկայացնում է, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նշեց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը, ըստ այդմ` նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, առնվազն 25 դատավորի թվակազմով: Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»,- ասաց Բադասյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը անդրադարձավ բարեվարքության վերաբերյալ կարծիքի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությանը: «Մենք ունենք նախադեպ, երբ ներկայացված թեկնածուները, որոնք պետք է ընտրվեին Ազգային ժողովի կողմից, ստացել են Հակակոռուպցիոն հանձնաժողովի բացասական եզրակացությունը բարեվարքության մասով, բայց դա չխանգարեց, որ տվյալ պաշտոնյան ընտրվի և պաշտոնավորի: Ես ուզում եմ հասկանալ, որ այդ եզրակացությունը ունենալու է իմպերատի՞վ բնույթ, թե խորհրդատվական բնույթ, և կարող է ոչ մեկ չառաջնորդվել դրանցով»,-ասաց նա:

Ռուստամ Բադասյանը նախ վստահություն հայտնեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմամբ կոռուպցիայի դեմ պայքարում իրապես կունենանք կանխարգելման հզոր մեխանիզմներ և ասաց, որ այդ հանձնաժողովն արդյունավետ է աշխատում և մեծ ծավալի աշխատանք է կատարում:

«Այստեղ էական խնդիր կա, նախ՝ չի կարող լինել իմպերատիվ և երկրորդ՝ իմ կարծիքով՝ մենք կարող ենք քննադատել որևէ մարմնի, որ խորհրդատվական բնույթի եզրակացությունն իր որոշման հիմքում չի դրել, այն դեպքում, երբ այդ եզրակացությունում հստակ փաստեր են դրված»,- ասաց նա և նշեց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ լուծված չեն:

«Խորհրդատվական եզրակացությունը նրա համար չէ, որ խորհրդատվական լինի և որևէ մեկը, կոպիտ ասած, բանի տեղ չդնի, բայց դա չի նշանակում, որ կանխորոշում է ելքը, պետք  է նայել՝ ինչ փաստեր են դրված, որքան հիմնավոր են»,-ասաց նա: