Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը, ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից 100 մետր այն կողմ, բայց բողոքներն անարձագանք են մնում․ Դ․ Խաժակյան

14:52 • 18.01.21

Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։

Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։

Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։

Ավելին, այս ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք։

Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում, իսկ շինարարության ընթացքը ահազանգերից հետո շարունակվում է։

Շենքի տանիքը անհապաղ պետք է բերվի իր նախնական տեսքի։