«Արևմուտքը փորձում է ուշադրությունը շեղել սեփական խնդիրներից». Լավրովը մեկնաբանել է Նավալնիին կալանավորելու առնչությամբ Արևմուտքի կոչերի նպատակը

14:56 • 18.01.21

Մեկնաբանելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կալանավորումը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը փորձում է ուշադրությունը շեղել իր սեփական խնդիրներից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարելի է ուղղակիորեն զգալ, թե ինչ ուրախությամբ են հնչում մեկնաբանությունները: Ուրախությամբ, որովհետև դա թույլ է տալիս արևմտյան քաղաքական գործիչներին մտածել, որ այդպիսով նրանք կարող են ուշադրությունը շեղել ամենախորը ճգնաժամից, որում գտնվում է լիբերալ զարգացման մոդելը», - ասել է նախարարը:

Բացի այդ, Լավրովը խորհուրդ է տվել քաղաքական գործիչներին «չփնտրել արտաքին պատճառներ սեփական գործողությունները արդարացնելու կամ սեփական խնդիրներից և ճգնաժամերից ուշադրությունը շեղելու համար, այլ, ընդհակառակը, ազնիվ գործել և հավասար միջազգային համագործակցության մեջ փնտրել իրենց ներքին խնդիրները լուծելու հնարավորություններ»:

Միևնույն ժամանակ պաշտոնյան ընդգծել է՝ «այժմ ոչ ոք ի վիճակի չէ միայնակ հաղթահարել սեփական խնդիրները` առանց միջազգային բազմակողմ ձևաչափերի ներգրավման»:

Հիշեցնենք՝ նախօրեին Գերմանիայից Ռուսաստանի Դաշնություն է վերադարձել հակակոռուպցիոն հիմնադրամի՝ հետախուզման մեջ գտնվող հիմնադիր Ալեքսեյ Նավալնին, որը Գերմանիայի Charite կլինիկայում բուժում էր ստանում:

Վերադառնալուն պես՝ Նավալնին ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում:

Քրեակատարողական դաշնային ծառայությունը նախապես հայտարարել էր, որ նախատեսում է նման գորոծողություն իրականացնել:

Ներկայում Նավալնիին ազատելու կոչեր են հնչել ԱՄՆ Պետդեպարտամենտի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, եվրոպական մի քանի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների և մի քանի այլ երկրների ղեկավարների կողմից:

Նավալնիին երկու տարբեր մեղադրանքներ են առաջադրված: Առաջինը՝ Կիրովլեսի գործով,  որով ընդդիմադիր գործչին վերագրվում է ավելի քան 16 միլիոն ռուբլու հափշտակում, իսկ երկրորդը՝ Իվ Ռոշերի գործով, համաձայն որի՝ Նավալնին ավելի քան 30 միլիոն ռուբլու չափով գումար է յուրացրել: