Եռակողմ փաստաթղթում ամեն ինչ հստակ ժամանակացույցով նշված է՝ բացի գերիների հարցից, մինչդեռ հայկական կողմից պետք է պարտադրվեր, որ գերիների խնդրում հստակություն մտցվեր. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

16:21 • 18.01.21

Գերիների հարցը բոլորիս է հուզում, բա հիմա պատասխան տվեք. ինչ եք արել, ինչ եք անում և ինչ եք պատրաստվում անել: Այն, որ այդ հարցի քննարկումը տապալվեց, նշանակում է, որ ԱԺ-ում գոյություն չունի քաղաքական պրոցես: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով այսօր ԱԺ-ում գերիների խնդրով զբաղվող հանձնաժողով ստեղծելու առաջարկի տապալման մասին:

«Սա դիտավորյալ թշնամական գործունեություն է ՀՀ-ում: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ այս մարդիկ ապաշնորհ են և ոչինչ ձեռքներից չի գալիս: Երկու դեպքում էլ մենք ունենք իրավիճակ, որ այս մարդիկ ուղղակի ունակ չեն գերիների հարցը լուծել»,-ասաց նա:

Մելիքյանի խոսքով՝ գերիների վերադարձի մեխանիզմն իրականում մեծ է, և առաջին հերթին պետք է ճշտել, թե ովքեր են գերիները, պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պարզելու, թե որ տարածքում կան գերիներ, իսկ վերադարձը գործընթացի ամենավերջին փուլն է, սակայն իշխանության կողմից որևէ շարժ չի նկատվում:

Նրա դիտարկմամբ՝ այս գործընթացը դեռ պետք է նոյեմբերի 9-ից սկսվեր, քանի որ ամենակարևոր հարցն է, սակայն ստորագրված եռակողմ փաստաթղթի մեջ ամեն ինչ հստակ ժամանակացույցով նշված է, բացի գերիների հարցից, մինչդեռ հայկական կողմից պետք է պարտադրվեր, որ խնդրում հստակություն մտցվեր:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների և ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու տեղեկություններին՝ Մելիքյանը նշեց, որ այստեղ անհասկանալի հարցերը շատ են, սակայն որևէ կերպ իշխանության կողմից փակագծեր չեն բացվում: «Կա պնդում, որի հիմքում դրված է ձեռագիր փաստաթուղթ և հակառակ կողմն ընդամենն ասում է, որ նման բան չկա: Միրզոյանը կարող էր պարզապես իր ձեռագրով այլ թուղթ հրապարակել ու ասել՝ տեսեք, ես չեմ. ինչո՞ւ դա չի անում, սա ինձ համար նշանակում է ուղիղ հաստատում»,-ասաց նա: