ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին

16:35 • 18.01.21

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է երկրից Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի արտաքսման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դիվանագիտական գերատեսչությունը կանչել է Նիդեռլանդների գործերով ժամանակավոր հավատարմատար Յոոստ Ռեյնտեսին և վճռական բողոք ներկայացրել  երկու ռուս դիվանագետներին անհիմն կերպով անցանկալի անձ հայտարարելու կապակցությամբ:

«Այս ոչ բարեկամական և սադրիչ քայլը, ինչպես նաև հակառուսական հիստերիայի նոր շրջափուլը, որը կազմակերպվել է Հաագայի կողմից իշխանամետ լրատվամիջոցների միջոցով, ցույց են տվել հոլանդական իշխանական շրջանակներում ողջամտության բացակայությունն ու ռուս-հոլանդական հարաբերություններում իրական խնդիրների անհասկացողությունը, դրանց հետագա խաթարմանը նպաստելու կանխամտածված միտումը»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Այսպիսով, Մոսկվան, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, որոշել է արտաքսել Նիդեռլանդների դեսպանատան 2 աշխատակցի: Նրանք ստիպված կլինեն լքել Ռուսաստանը 2 շաբաթվա ընթացքում:

Դեկտեմբերի սկզբին Նիդեռլանդների իշխանությունները 2 ռուս դիվանագետի մեղադրել էին լրտեսության համար և նրանց անցանկալի անձ էին հայտարարել: Նիդեռլանդներում պնդում էին, որ ռուսների դիվանագիտական կարգավիճակը քողարկում էր,  իրականում նրանք արտաքին հետախուզական ծառայության սպաներ էին:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել են Ռուսաստանի դեսպանությունում, հոլանդական կողմը չի ներկայացրել որևէ ապացույց դիվանագետների անօրինական գործողությունների վերաբերյալ: