ՌԴ դեսպանը թուրքական կողմին քննադատել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը թերագնահատելու համար
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը քննադատել է թուրքական բժշկական ասոցիացիայի (TTB) ղեկավարին` COVID-19-ի դեմ պատվաստանյութերը գնահատող հոդվածում ռուսական «Սպուտնիկ V»-ին չանդրադառնալու համար, հաղորդում է ռուսական Sputnik Turkiye լրատվական գործակալությունը:
Թուրքական բժշկական ասոցիացիայի նախագահին ուղղված նամակում Ռուսաստանի դեսպանը վերջինիս քննադատել է «Պատվաստանյութերը՝ բոլոր կենդանի էակների համընդհանուր արժեքը» վետառությամբ հոդվածի համար, որում մանրամասն նկարագրված է COVID-19-ի բոլոր պատվաստանյութերի արդյունավետությունը՝ բացառությամբ ռուսականի։
«Մեր աշխարհը բախվել է աննախադեպ մարտահրավերի, որը կարելի էր հաղթահարել՝ մոբիլիզացնելով համաշխարհային հանրության ջանքերը, ներառյալ՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի մշակման հարցում, որոնք կփրկեն միլիոնավոր կյանքեր և կկանգնեցնեն կորոնավիրուսային վարակների նոր տեսակների տարածումը։ Այն փաստը, որ Գամալեայի կենտրոնի կողմից մշակված Gam-Covid-Vac պատվաստանյութը, որն աշխարհում առաջին ազգային գրանցված պատվաստանյութն է, բացակայել է Ձեր հոդվածում, ակնհայտորեն անակնկալ էր մեզ համար»,- ասված է Թուրքիայում ՌԴ դեսպանի նամակում։
Երխովն իր նամակում նաև ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութն արտահանվել է 9 երկիր։
«Քաղաքական իրադրությունը և առևտրային չափանիշները չպետք է վեր դասվեն քաղաքացիների առողջության շահերի պաշտպանությունից»,- գրել է Երխովը։
Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռուսական պատվաստանյութերի ձեռբերման շուրջ մի շարք քննարկումներ են տեղի ունեցել։ Այնուամենայնիվ, թուրքական կողմը դրանք ձեռք բերելու հարցում հետաքրքրություն չի ցուցաբերել։










