Իշխանությունը կա՛մ չգիտի գերիների իրական թիվը, կա՛մ պարզապես վախենում է այն հնչեցնելուց. Արման Աբովյանը՝ Լավրովի հայտարարության մասին (տեսանյութ)
Իշխանության կողմից որոշ բացատրություններ կան, սակայն դրանք բնավ ոչինչ չեն փոխում և հաստատում են այն թեզը, որ այս իշխանությունները կա՛մ չեն ուզում, կա՛մ ունակ չեն գերիների հարցին պատշաճ լուծում տալ: Խնդիրը հասել է այն մակարդակին, որ ռուսական կողմն է ստիպված հնչեցնում խնդրի էությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարության մասին, թե հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել:
«Հայկական կողմն ասում է՝ գիտեք, գերիների ցուցակները ճշգրտվում են, կներեք, երկու ամիս ժամանակ է անցել: Ոչ ոք չի պահանջում, որ գերիների անուն-ազգանունները հրապարակվեն, այստեղ խնդիրն այն է, թե ինչու հստակ թիվ չի ներկայացվում: Սա ցույց է տալիս, որ իշխանությունն անզոր է հարցին համակարգված լուծում տալու համար: Առաջին վարկածն այն է, որ սրանք չգիտեն իրական թիվը, ինչն աբսուրդ է, ինչը նշանակում է, որ պետությունն իրականում չի գործում, իսկ հաջորդ վարկածն այն է, որ նրանք պարզապես վախենում են այդ թիվը հնչեցնելուց»,-ասաց նա:
Ըստ Աբովյանի՝ երկու դեպքն էլ անզորության նշան են, և բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է արձանագրել, որ էական փոփոխություններ տեղի չեն ունենում: Աբովյանը հիշեցրեց Լավրովի այն հայտարարությունը, թե պետք է վերադառնալ գերիների փոխանակման՝ բոլորը՝ բոլորի դիմաց ձևաչափին, այլ ոչ թե այն սկզբունքին, որն Ադրբեջանն է առաջ տանում: Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանի սկզբունքն այն է, թե նոյեմբերի 9-ից հետո նրանց տարածքում հայտվածները ահաբեկիչներ են:
«Այս առումով ևս հայկական կողմը թերանում է և պատշաճ պատասխան չի տալիս: Կա թերի տպավորություն, թե վերջնական որոշումները ռուսական կողմն է կայացնում. ոչ, բանակցող կողմը Հայաստանն է, և այդ բանակցությունների ընթացքում Ռուսաստանը միայն որոշումների երաշխավորողն է»,-շեշտեց Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։










