Բայդենը միգրացիոն ոլորտում բարեփոխումներ կիրականացնի, որոնց համաձայն՝ ներգաղթյալները քաղաքացիություն կարող են ստանալ 8 տարում
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հունվարի 20-ին՝ երդմնակալության արարղությունից հետո, միգրացիոն ոլորտի բարեփոխման վերաբերյալ օրենսդրական առաջարկներ կուղարկի Կոնգրես, հաղորդում է The Washington Post թերթը։
Ինչպես նշում է հրատարակությունը, նախատեսվում է ԱՄՆ-ում առանց օրինական կարգավիճակի բնակվող ներգաղթյալների համար քաղաքացիություն ստանալու ութամյա շրջանի սահմանում, ինչպես նաև փախստականների ընդունման քվոտաների ավելացում:
Ութամյա ծրագրի համաձայն՝ միլիոնավոր դիմորդներ կստանան հինգ տարվա ժամանակավոր կարգավիճակ, իսկ հետո կկարողանան հավակնել «Գրին քարտի», եթե անցնեն անվտանգության ստուգումը և վճարեն հարկերը։ Բոլոր պայմանների կատարման պարագայում երեք տարի անց կարելի է քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել։ Նոր կանոնները տարածվելու են միայն այն դիմումատուների վրա, որոնք 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվել են ԱՄՆ-ում։
Daca (Deferred Action for Childhood Arrivals)-ի՝ ներգաղթյալների երեխաների պաշտպանության ծրագրի մասնակիցները և նրանք, ովքեր ժամանում են բնական աղետներից տուժած երկրներից, կարող են անմիջապես դիմել «Գրին քարտ» ստանալու համար:
DACA-ի ծրագիրը ստեղծվել է 2012 թվականին` ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրահանգով և իր հովանու տակ է առել շուրջ 800 հազար կանանց ու տղամարդկանց։ Այն արտաքսվելու վտանգից պաշտպանում է անօրինական ներգաղթյալներին, որոնք երկիր են մուտք գործել անչափահաս տարիքում:










