Այդ մարդկանց հրահրել են գալ ու փակել ճանապարհը, սադրանք էր, Վազգեն Մանուկյանը չէր էլ գնալու այնտեղ. Միքայել Մելքումյանը՝ քաղաքացիների կողմից Գորայք-Սիսիան ճանապարհը փակելու մասին

16:26 • 19.01.21

Սյունիքից վերադառնալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճանապարհը փակել են, երբ պատգամավորները փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, քաղաքացիներն ասել են, թե «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պետք է գա մարզ, դրա համար են ճանապարհը փակել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ուրբաթ-շաբաթ օրերին եղել էինք Սյունիքի մարզում, ծանոթացել խնդիրներին և սոցիալական աջակցության խնդիրներ կային Շուռնուխ համայնքի 12 ընտանիքների հետ կապված, որոնք կորցրել էին իրենց տները: Այսօր մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից սոցիալական աջակցություն ենք տրամադրել այդ ընտանիքներին: Մենք՝ իմ գործընկերներ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արտյոմ Ծառուկյանի հետ սոցիալական աջակցության տրամադրումից հետո՝ հետ վերադառնալիս Սիսիանի ճանապարհներին՝ Գոռ և Հայկ գյուղերի մերձակայքում նկատեցինք, որմի խումբ մարդիկ փակել են ճանապարհը»,- պատմեց Մելքումյանը:

Մելքումյանի ներկայացմամբ՝ քաղաքացիները ասել են՝ Վազգեն Մանուկյանը պետք է գա, դրա համար են փակել ճանապարհը: «Դա կազմակերպված սադրանք էր: Սկսվեցին տարբեր հոխորտանքներ, նաև վիրավորական արտահայտություններ 17-ի շարժմանը, ու այդ ամենը բավականին ագրեսիվ տրամադրությամբ, սակայն ծայրահեղ ոչ մի բան չեղավ, մենք էլ մեր պատասխաններն էինք հնչեցնում»,- ասաց նա և հավելեց, որ մայրուղին փակել էր շուրջ 100 մարդ:

Մելքումյանը նշեց՝ իրենք ճանապարհը փակած քաղաքացիներին բացատրել են, թե երկիրն ինչ վիճակում է գտնվում, որ իրենց հետաքրքրում է Սյունիքի անվտանգությունը, դրա համար պետք է անպայման հասնել նրան, որ երկրում շատ կոնկրետ վարչապետի փոփոխություն լինի, որ նոր ուժեր գան և երկիրը գնա ճիշտ ճանապարհով, ճիշտ բանակցություններ վարվեն:

«Բնականաբար այդ ամեն ինչը նախօրոք կազմակերպված էր: Մեզ հայտնի է, թե որ ուժերի կողմից կարող էր դա կազմակերպված լինել: Մենք հետո իմացանք՝ որևէ մեկը չպետք է գար, այդ ճանապարհով անցներ, այսինքն ինչ-որ ձևով հրահրել են այդ մարդկանց, որ գան և նման բաներ անեն: Այս ամեն ինչի արդյունքում մենք չենք փոխում մեր կարծիքը, ինչպես սկզբունքային մեր տեսակետին եղել ենք, այդպես էլ մնում ենք, ժողովրդի հետ կշարունակենք աշխատել, կազմակերպված, սադրանքներն էլ կստանան իրենց արժանի պատասխանը»,- ասաց Մելքումյանը:

Ճշտող հարցին՝ ակնարկում է, որ այդ ակցիան իշխանությա՞ն կողմից էր կազմակերպված, նա արձագանքեց. «Ովքե՞ր են շահարգրգռված, որ երկրում փոփոխություններ չլինեն, ո՞ւմ մտքով դա պետք է անցներ, հո 17-ի ուժերը չէին անելու, կամ մյուսները, տրամաբանությունը դա է ենթադրում»:

Հարցին էլ՝ «Բարգավաճ Հայաստանը» շարունակելո՞ւ է «17+»-ի հետ պայքարը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար, Մելքումյանը պատասխանեց. «Եթե նոր բան չի ասվել, ինչ կա, դա է, այս պահին նման բան չկա»: