Հիմա ի՞նչ կարևոր է, թե քանի հոգի է այս պահին գերի, կարող է պատահի մեկ ամիս հետո պարզենք, որ էլի 2 գերիներ ունենք, նրանք պետք է չվերադարձվե՞ն. Հովիկ Աղազարյան
Գերիների վերջնական թվակազմը և անվանացանկը ճշտելը անմիջական կապ ունի անհետ կորածների հետ, որովհետև մենք չգիտենք տվյալ անհետ կորածը զոհված է, թե գերեվարության մեջ է, հետևաբար անվանական ցանկը, վերջնական ցուցակը ճշտելը բավականին դժվար է. ArmDaily․am կայքի հետ հարցազրույցի ժամանակ նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Դիտարկմանը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը գերիների լիարժեք ցուցակ չի տրամադրել, ինչով է պայմանավորված այդ հայտարարությունը, Աղազարյանը պատասխանեց, որ մի գուցե նկատի է ունեցել այն, որ չի ներկայացրել ամբողջական ցուցակը, քանի որ այն դեռ հաստատված չէ.
«Գերիների փոխանակման պայմանավորվածություն կա, որն է՝ բոլորը՝ բոլորի դիմաց, հիմա թե քանի հոգի է այս պահին գերի, ի՞նչ կարևոր է, կարող է պատահի մեկ ամիս հետո պարզենք, որ էլի երկու գերիներ ունենք, նրանք պետք է չվերադարձվե՞ն, ոչ, նրանք պետք է վերադարձվեն՝ անկախ թվից ու անուններից»:
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունն անում է առավելագույնը գերիների հարցի լուծման համար, Աղազարյանը նշել է, որ անկախ նրանից կառավարությունը ժողովրդի մոտ ինչպիսի վարկանիշ ունի, իր պարտքը պետք է լինի գերիների հարցի լուծումը և համոզված է, որ այդ ուղղությամբ իշխանությունն ամեն ինչ անում է:
Դիտարկմանը, թե ՊՆ նախարարը հայտարարել է, որ ընդդիմությունը գերիների հարցը շահարկում է աթոռակռվի համար, համամի՞տ եք այդ հայտարարության հետ, Աղազարյանը պատասխանել է, որ դատապարտելի չպետք է համարել այն, որ ընդդիմությունը ձգտում է իշխանության, դա ընդդիմության կարևորագույն «ատրիբուտներից» մեկն է, և միգուցե ընդդիմությունը լիարժեք չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե կառավարությունը ի՞նչ մակարդակով է այդ գործը անում և անհանգստություն ունի իր հայրենակիցների նկատմամբ:










