Մենք ստեղծեցինք ՀՀ և Արցախի Հանրապետություն, բայց ինքներս չհասունացանք մեր ստեղծածի համար. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
Հարյուր տարի անց փառավոր հաղթանակներից հետո նորից ընկանք մեր իսկ ծուղակը և նորից դարձանք նյութապաշտ, փառամոլ, մեծամիտ ու գոռոզ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և արդյունքում կորցրինք իրականության զգացումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարյուր տարի առաջվա մեր պատմությանը:
«Արդյունքը եղավ այն, որ մենք կորցրինք Հադրութը, Շուշին մեր պետականության և հայրենիքի մի զգալի հատվածը»,-ասաց նա և նշեց, որ պատմության այս օրինաչափությունը որոշակի դասեր ունի տալու:
«Մենք ստեղծեցինք ՀՀ և Արցախի Հանրապետություն, բայց ինքներս չհասունացանք մեր ստեղծածի համար, ասել է թե` հասունացան մեր պտուղները, բայց մենք մեր պտուղների համար չհասունացանք: Մենք նորից արմատին պետք է հայացք հղենք, ձևավորենք հայ մարդ, անհատականություն բայց ոչ թե հպարտության ֆոնի վրա, այլ առաքելության ֆոնի վրա»,-ասաց նա:










