Քաղաքացիության որևէ հարց չկա, Աննա Հակոբյանը և դուստրերը մասնավոր այցով են Մոսկվայում, հավանաբար օտարերկրյա քաղաքացիների մուտքի թույլտվության կետերից որևէ մեկին համապատասխանել են․ Հրաչյա Հակոբյան
Մեր թիմի ներսում մշտապես տեղի է ունենում բուռն քննարկումներ, բայց այս պահի դրությամբ կա այն կոնսենսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, և Կառավարությունն այն կառավարությունն է, որ կարող են շարունակել բանակցությունները․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թիմի ներսում քննարկումներ ընթանո՞ւմ են և համակարծի՞ք է, որ Փաշինյանը շարունակի բանակցությունները։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ գերիների հարցը չլուծվեց, Հակոբյանը պատասխանեց, որ այդ հարցը շարունակվում է մնալ օրակարգում, և ընթանում են գործընթացներ, քանի որ գերիների թեման նուրբ թեմա է, պետք է թույլ տալ Կառավարությանն այդ գործընթացը շարունակել։
Լրագրողի հարցին, թե Աննա Հակոբյանն ու դուստրերն ինչո՞ւ են մեկնել Մոսկվա՝ անվտանգության ներկայացուցիչներով, պատգամավորը նշեց, որ դա մասնավոր այց է․ «Քաղաքացիության որևէ հարց չկա, պարզապես ծիծաղելի է, որ ասում են, թե Աննա Հակոբյանը, Մարիամ և Շուշան Փաշինյանները գնացել են տուն ընտրելու, տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէ, որ պետք է հասներ Մոսկվա»։
Հարցին, թե ինչպես է մասնավոր այցով մեկնել Ռուսաստան, երբ Ռուսաստան օտար քաղաքացիների մուտքն արգելված է, և դրա համար մի քանի կետ կա, պետք է համապատասխանես, որ կարողանաս մեկնել, Հակոբյանը պատասխանեց, որ չի հետաքրքրվել, թե ինչպես է եղել այդ մասնավոր այցը, հավանաբար այդ նշված կետերին համապատասխանել են։
Հարցին, թե կա՞ն պատգամավորներ, որ պատեհ պահին կողմ կքվեարկեն Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, քանի որ նա նման պնդումներ է անում, Հակոբյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ մեր այսօրվա խմբակցությունում կան այդպիսի պատգամավորներ, չեմ կարող բացառել, եթե անգամ լինեն, ապա շատ քիչ՝ մեկ կամ երկու հոգի։
Լրագրողը հետաքրքրվեց՝ եթե ճանապարհները բացեն, դուք կամ իշխանության որևէ ներկայացուցիչ պատրա՞ստ եք ընտանիքով գնալ Նախիջևանով Իրան, Ռուսաստան, Հակոբյանը պատասխանեց, որ երկարատև գործընթաց է, որ հասնենք ճանապարհների անվտանգությանը և պետք է հասնել նրան, որ մեր քաղաքացիներն իմանան, որ այդ ճանապարհը անվտանգ է և երթևեկեն այդ ճանապարհով։
Հարցին, թե ինքն է՞լ է հետադիմական համարում, որ պետք է հզորանալ և տարածքները հետ բերել, նա նշեց․ «Ինչ ռազմավարություն էլ որդեգրենք, պետք է զինվենք և լինենք հարուստ երկիր, անկախ նրանից՝ գնում ենք խաղաղության, թե պատերազմի։










