Իշխանության ներկայացուցիչները երբեմն այնպիսի բառապաշար, մտքեր են օգտագործում, որոնք ակնհայտորեն հակասում են կառավարության սկսած իրավական գործընթացներին. Տարոն Սիմոնյան

17:50 • 20.01.21

Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործություններ է կատարել և շարունակում է կատարել: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա նշեց, որ իշխանության ներկայացուցիչները երբեմն այնպիսի բառապաշար, մտքեր են օգտագործում, որոնք ակնհայտորեն հակասում են կառավարության սկսած իրավական գործընթացներին: «Միջազգային հանցագործության կատարած, կատարող անձանց հետ բարեկամական  հարաբերություններ սկսելն անհնար է, նույնն է, ինչ Օսմանյան կայսրության ղեկավարների հետ Հայաստանի Հանրապետությունը նստեր ու բանակցեր առևտուր անելու և այլ հարցերի շուրջ»,-ասաց նա:

Հարցին պատասխանելով՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացներն օգտագործում է:

Նա կոչ արեց կոնկրետացնել, թե որ հայտարարությունները նկատի ունեն: Տարոն Սիմոնյանը որպես օրինակ նշեց, որ հենց կառավարության ներկայացուցիչներն էին խոսում համակեցության մասին, որ հիմա պետք է սկսենք համակեցության պայմանների մասին խոսել, առևտուր անել և այլն:

Պատգամավորը նախարարին կոչ արեց հորդորել ճիշտ բառեր և մտքեր ներկայացնել: Ռուստամ Բադասյանը նշեց, որ հիմա տրանսպորտային կոմունիկացիաների մասին է խոսվում, որը խնդիր չի կարող առաջացնել: