«Թրամփը Կոնգրեսի շենքի գրոհի ժամանակ տեղի ունեցած սպանությունների մեղսակիցն է»․ Փելոսի

14:02 • 20.01.21

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 6-ին իր աջակիցների կողմից Կոնգրեսի շենքի գրոհի ժամանակ 5 սպանությունների մեղսակիցն է։

MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Փելոսին վերստին մեղադրել է Թրամփին՝ հունվարի 6-ին Վաշինգտոնում բողոքի ակցիաների ժամանակ բռնության կոչերի համար, որոնք ավարտվել են Կոնգրեսի շենքի գրոհով:

«Նախագահի խոսքերը կարևոր են։ Եվ Կապիտոլիումի զավթման մասնակիցներն այստեղ գալով՝ նրա խոսքերն էին օգտագործում»,- ասել է նա։

Փելոսին նշել է, որ եթե ապացուցվի Կոնգրեսի անդամներից որևէ մեկի և Կոնգրեսի շենքում անակարգություններ հրահրած խմբի մասնակիցներից որևէ մեկի համագործակցությունը, ապա նրանք, ինչպես և գործող նախագահը, մեղսակից կլինեն հիշյալ անկարգությունների ժամանակ կատարված հանցագործություններին:

«Իսկ այդ հանցագործությունը հանգեցրել է սպանության։ Եվ նախագահը այդ հանցագործության մեղսակիցն է, քանի որ նա է դրդել այդ խռովությունը, որը հանգեցրել է մահերի»,- հավելել է Փելոսին։

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: Դեմոկրատները կատարվածի պատասխանատու են համարում Թրամփին: