Հոր սիրտն զգացել է մոտալուտ ողբերգությունը. Յուրա Սիմոնյանը զոհվել է նոյեմբերի 1-ին՝ Հադրութում
Յուրա Սիմոնյանը կամավոր առաջնագիծ է մեկնել առանց որևէ մեկին զգուշացնելու: Ծնողներին զանգել է արդեն Հադրութից:
«Զանգեց, ասաց՝ պապ, ես Հադրութում եմ: Շատ անհանգստացա, նույնիսկ բարկացա վրան: Յուրան էլ ասաց՝ երկու եղբայրներս առաջնագծում են, իրենց մենակ թողնել չեմ կարող», - Tert.am-ի հետ զրույցում պատմում է Յուրա Սիմոնյանի հայրը՝ Մնացական Սիմոնյանը:
Յուրայի երկու եղբայրները՝ Լևոնն ու Գոռը, նույնպես առաջնագծում են եղել: Թեև ռազմաճակատում չեն հանդիպել, բայց իրար էլ մենակ թողնել չեն կարողացել: Պատերազմի ընթացքում հայրը միայն երկու որդիների հետ է խոսել: Յուրայից ոչ մի լուր չի ունեցել: Հեռախոսը լռել է:
«Յուրայից ոչ մի նորություն չունեի: Սիրտս արդեն շատ անհանգիստ էր: Այդ օրերին շատ էի մտածում, սկսում լաց լինել: Հետո պարզվեց՝ հոր սիրտը չի սխալվում, հայրական հոգին չի սխալվում», - պատմում է Յուրայի հայրը:
Յուրան նախ վիրավորվել է, որից հետո թշնամին պայթեցրել է նաև շտապօգնության ավտոմեքենան: Յուրան զոհվել է նոյեմբերի 1-ին՝ 24 տարեկանում: Հունվարին հերոսը դարձավ 25 տարեկան:
Որդին էլ չկա, տունը՝ նույնպես: Մարտունու շրջանի Վազգգենաշեն գյուղի իրենց տունն անցել է թշնամուն:
Քչախոս ու լրջմիտ տղան իր երազանքների մասին երբեք չի խոսել: Աշխատել է, օգնել հարազատներին, ընկերներին: Ապրել է՝ լուռ բարությամբ:
«Յուրային բոլորն էին սիրում՝ մեծից փոքր: Շատ ազնիվ ու բարի տղա էր: Նրան բոլորն այդպիսին գիտեին: Բոլորին օգնում էր՝ ինչով կարողանում էր», - պատմում է Յուրայի մայրը՝ Լիլիա Հովակիմյանը:
Յուրայից մնացել են մի քանի նկարներ, ու իր աշխատանքային գործիքը: Յուրան աշխատում էր Ստեփանակերտում. վարսահարդար էր:
Հայի պայքարը՝ հանուն կյանքի ու հայրենիքի՝ դարերի պատմություն ունի: Այս անգամ էլ, կրկին, պայքարի ժամն էր եկել:
«Մոր համար չափազանց ծանր է որդուն ռազմաճակատ ճանապարհելը: Բայց հաշտվում, համակերպվում ենք, որովհետև պիտի գնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը», - ասում է Յուրայի մայրը:
Ինչպես պատմում են Յուրա Սիմոնյանի ծնողները՝ Յուրան Արցախը շատ էր սիրում, ու առանց Արցախի ապրել չէր կարողանում: Յուրան առանց Արցախի չի ապրի: Յուրան զոհվել է՝ հանուն Արցախի, հանուն հայրենիքի:
Մանրամասները՝ տեսանյութում:










