Բեռլինում բերման են ենթարկել տղամարդու, որը ձնագնդիներ է նետել ԱՄՆ հյուպատոսարանի շենքի վրա և վիրավորել Թրամփին

16:46 • 20.01.21

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդու, որը ձնագնդիներ է նետել քաղաքի Դալեմ շրջանում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանի շենքի վրա և ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին վիրավորական արտահայտություններ և կարգախոսներ է հնչեցրել: Այս մասին հայտնում է գերմանական B.Z. պարբերականը՝ ոստիկանությանը հղումով:

Նշվում է՝ երեքշաբթի օրը 26-ամյա տղամարդը մոտեցել է ամերիկյան հյուպատոսության շենքին և  Թրամփի հասցեին որոշակի քննադատող կարգախոսներ է հնչեցրել: Բացի այդ, նա ձնագնդիներ է նետել շենքի ճակատային հատվածի վրա:

Անվտանգության աշխատակիցները նրան զգուշեցրել են հեռանալ, բայց նա ընդդիմացել է ու ձնագնդիներն սկսել է նետել նրանց վրա: Այս առնչությամբ աշխատակիցները դիմել են ոստիկանություն և դիմադրություն ցույց տվող տղամարդը բերման է ենթարկել:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդն ագրեսիվ վարք է դրսևորել ու գլխով հարվածել է ոստիկանական մեքենային, ինչի հետևանքով վնասվածք է ստացել ու կորցրել գիտակցությունը: Ոստիկանությունը շտապօգնություն է կանչել, և կարճ ժամանակ անց նա գիտակցության է եկել:

Կատարվել է հատուկ թեստ, որի արդյունքները ցույց են տվել, որ տղամարդը գտնվել է թեթև հարբեցողության վիճակում: 

Գիշերը տղամարդը դարձյալ վերադարձել է հյուպատոսության շենքի մոտ, բղավել, երկու կեսլիտրանոց տարրաներ է նետել պահակների վրա:

Ոստիկանության ժամանելուն պես՝ տղամարդը կրկին գլխով հարվածել է ոստիկանական մեքենային: Այս անգամ նա չի վիրավորվել, բայց թեթև վնաս է հասցրել մեքենային:

Ալկոհոլային թեստն այս անգամ ցույց է տվել, որ տղամարդու հարբեցողության աստիճանն ավելի մեծ է: Տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք,  և կարճ ժամանակ անց ազատ են արձակել:

Դեպքի առնչությամբ հետաքննություն կանցկացվի՝ նյութական և մարմնական վնաս պատճառելու հիմքով: