Տնտեսական ճգնաժամը բավականին խորն է, 2021-ի բյուջեն պետք է վերանայվի, նոր անվտանգային ռազմավարություն մշակվի․ Արկադի Խաչատրյան (տեսանյութ)

10:58 • 20.01.21

Ակնհայտ է, որ տնտեսական ճգնաժամը բավականին խորն է, այն պայմանավորված է ինչպես կորոնավիրուսով, այնպես էլ հետպատերազմյան իրավիճակով։ Այս մասին Tert.am-ի հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։

«Պետության համար սոցիալական բեռը մեծացել է, և դա է պատճառը, որ մենք պնդում ենք, որ 2021-ի բյուջեն պետք է վերանայվի, ներկայացվի նոր նախագիծ, դրա համար էլ 2021-ի բյուջեին դեմ քվեարկեցինք»,-ասաց նա՝ նշելով, թե մարտահրավերները շատ են, իսկ լուծումը երկրի նոր անվտանգային ռազմավարության մշակման մեջ պետք է լինի, որը կնախատեսի ինչպես ՀՀ պաշտպանական, այնպես էլ տնտեսական, սոցիալական ռազմավարությունը։

«Լուծումը տնտեսության արդիականացումն է և որակական շեշտադրումները, որովհետև տեխնոլոգիական վերազինումը, կրթական համակարգի բարեփոխումներն այլընտրանք չունեն։ Շուրջ երկու ամիս անցել է, կառավարությունը պետք է շատ լուրջ քայլեր կատարեր նոր անվտանգային ռազմավարության մշակման համար, սակայն այդ ամենն ածանցյալ է անվտանգային խնդիրներից, և թիվ մեկ հարցը, որ այսօր մեր հանրությանը հուզում է, գերիների վերադարձի հարցն է, բազմաթիվ ընտանիքներ էլ սպասում են մեր նահատակված հերոսների աճյուններին, այդ հարցը ևս բաց է մնացել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ առանց քաղաքական ճգնաժամի հաղթահարման՝ հնարավոր չէ այս պահին գլոբալ խնդիրները լուծել։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է այս հարցերը հիմա լուծել, Խաչատրյանն արձագանքեց․ «Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին, և ճանապարհային քարտեզը, որն առաջարկվել է հանրությանը, հենց այդ մասին է՝ տեխնոկրատ կառավարչության ստեղծում։ Վիճակի կայունացումից հետո նոր կարող ենք այդ խնդիրներին անդրադառնալ, որովհետև իրապես բազմաթիվ են թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային հարցերը»։

Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորները հայտարարում են, որ երկրի թիվ մեկ խնդիրը ընդդիմությունն է, պատգամավորն արձագանքեց, թե ընդդիմությունը կատարում է իր գործը, և, իհարկե, երկրի թիվ մեկ խնդիրը ընդդիմությունը չէ և չի կարող լինել։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության գնահատման հանձնաժողովի աշխատանքներին՝ Խաչատրյանը ընդգծեց, որ հանրության մոտ կան բազմաթիվ հարցեր՝ կապված կորոնվիրուսի դեմ պայքարի արդյունավետության հետ։

«Այդ է պատճառը, որ ընդդիմադիր խմբակցությունը նախաձեռնել է հանձնաժողովի ստեղծումը։ Հարյուրավոր հարցեր կան՝ կապված համավարակի տարածման, կանխարգելման և բուժման արդյունավետության, մարդու իրավունքների սահմանափակման, հետևանքների վերացմանը կամ մեղմանն ուղված գործողությունների արդյունավետության հետ։ Պետք է պարզել՝ արդյո՞ք հանրային հաղորդակցությունը պատշաճ է իրականացվել, և մարդիկ ընկալել են խնդրի լրջությունն ու բարդությունը»,-ասաց նա՝ նշելով նաև որոշումների կայացման ժամանակի կարևորությունը։

«Եթե որևէ որոշում կարելի էր կայացնել ավելի շուտ, միգուցե չունենայինք այդ ծավալները։ Ուսումնասիրության առարկա պետք է դառնան այն հարցերը, թե որ դեպքերում մենք կարող էինք ավելի արդյունավետ գործել, և առհասարակ ինչպիսի խնդիրների է բախվել առողջապահության համակարգը»,-ասաց նա։

Անդրադառնալով Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատմանն  ու Անահիտ Ավանեսյանի՝ այդ պաշտոնում նշանակմանը՝ պատգամավորն ասաց՝ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ․ «Անահիտ Ավանեսյանը, եթե առողջապահական կրթություն կամ մեծ կառավարման փորձ չունի, տեխնոկրատ համարելը դժվար է, բայց նրա աշխատանքի արդյունքը ցույց կտա»,-նշեց նա։

Արսեն Թորոսյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու մասին էլ պատգամավորն ասաց․ «Ես չեմ ուզում անդրադառնալ առանձին անհատների տեղափոխմանը, միայն այն, որ Կառավարությունը պետք է լինի տեխնոկրատ, ամեն ինչ ամփոփում է իր մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։