Եթե մենք հաղթեինք պատերազմում, միևնույն է՝ Փաշինյանը պետք է հրաժարական տար իր անկշռադատ քայլերի համար. Հակոբ Ավետիքյան (տեսանյութ)

15:46 • 20.01.21

Արարատ Միրզոյանի թուրքական գործակալ լինելու մասին դեռ պետք է համոզիչ ապացույցներ գտնել, բայց դավաճանության նման տեսարաններ նախկինում ևս եղել են մեզ մոտ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Ավետիքյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ մենք այսօր պետություն չունենք և սա է պատճառներից մեկը, որ դեռ չի լուծվում գերիների խնդիրը:

«Մեզ համար ամենածանր մեղադրանքներից էր այն, երբ Լավրովը հատարարեց, որ գերիների ցուցակը թերի է: Ինչո՞ւ ահաբեկիչներին վերադարձրին, երբ նրանք ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքացիներ չէին: Երբ դու ահաբեկիչներին վերադարձնում ես և մեզ խաբում ես բոլորը բոլորի դիմաց արտահայտություններով, ապա դու ոչինչ էլ կարողանում, ապիկար ես»,-ասաց նա:

Ավետիքյանը նշեց, որ ամեն դեպքում, եթե մենք հաղթեինք պատերազմում, միևնույն է Փաշինյանը պետք է հրաժարական տար իր անկշռադատ քայլերի համար: Ըստ նրա՝ թշնամին հաճախ էր խոսում պատերազմ հայտարարելու մասին, զինտեխնիկայով զինվելու մասին, սակայն նույն ժամանակ հայկական կողմից որևէ շարժ չէր նկատվում:

«Կարծում եմ՝ սրանից հետո պետք է Սահմանադրական օրենք ունենանք, որով բարձաստիճան պաշտոնյաները՝ նախագահ, վարչապետ և այլն իրենց հոգեկան, մտային վիճակի մասին բժշկական փորձաքննություն անցնեն, որ տեսնենք այդ մարդկանց կենսագրությունը, գենետիկ ժառանգությունը, որից հետո նոր թույլ տանք, որ պաշտոնի անցնեն»,-նշեց խմբագիրը:

Վերջինիս դիտարկմամբ՝ այս պահին Նիկոլ Փաշինյանն իր մեջքին երեք մեծ պաշտպաններ ունի՝ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա և ինչ ասվում է այս երեքի կողմից, այն էլ կատարում է Փաշինյանը: «Պարտվողը դատաստան է տեսնում  հաղթողի կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում։