Եղած ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ քննարկումները նոր սկսել են, պայմանավորվածություն չկա. Մհեր Գրիգորյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիշեցրեց, որ հունվարի 11-ի քննարկումների արդյունքում ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հրապարակեց քարտեզ՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, համաձայն որոնց արդեն քննարկվել է եղած ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցներ Երևան, Նախիջևան, Մեղրի, Հորադիս Բաքու և Դերբենդ ճանապարհով, դրան զուգահեռ երկու ճանապարհ էր նախատեսվել, որը պետք է լիներ ճանապարհային և երկաթգծային, ապա հետաքրքրվեց, թե արդյոք եղել է նման քննարկում:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ասաց, որ «Կոմերսանտի» հրապարակումը կա՛մ ցանկություն է, կա՛մ ինչ-որ մտածելակերպ, որը որևէ բան չի նշանակում: «Նման բան չի եղել՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ նաև ռուսական կողմի հետ»,- ասաց նա և նշեց, որ այդ քննարկումներին կմասնակցեն նաև պատգամավորները:
«Այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի: Քննարկումները նոր սկսելու են, այդ թվում և ուղիների և ենթակառուցվածքների մասին։ Պարզ է, որ կան ցանկություններ այս կամ այն կողմի մոտ, բայց որևէ պայմանավորվածություն չկա»,-ասաց նա:










