Այս պահին տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցերի վերաբերյալ քննարկումների փուլը չի էլ սկսել, առաջին հանդիպումը կլինի հունվարի ավարտին. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

17:16 • 20.01.21

Այս պահին դեռևս քննարկումների փուլը չի էլ սկսել, ամսվա ավարտին լինելու է առաջին հանդիպումը, որի ընթացքում նոր պարզ կլինի քննարկումներին ընթացքի ռեգլամենտը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ հարցին։

Պատգամավորը նշեց՝  հաճախ է շրջանառվում այն թեզը, թե տրանսպորտային ապաշրջափակումը Հայաստանի շահերից է բխում, սակայն հակահայկական ու թշնամական հռետորաբանությունը Ադրբեջանի կողմից չի փոխվել, առկա չէ պայմանագրային հիմք։

«Առևտրատնտեսական հարաբերությունների դեպքում շատ կարևոր է ապահովել երկրի տնտեսական անվտանգությունը։ Եթե որևէ մեկը խոսում է հնարավորությունների մասին, պետք է խոսի նաև ռիսկերի և անորոշությունների մասին։ Ակնհայտ է, որ այս հաղորդակցությունների վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից»,- ասաց նա՝ հարցնելով, թե այս բոլոր խնդիրների առկայության պարագայում ո՞վ և ինչի՞ հիման վրա է որոշել երկրի շահի առկայությունը տվյալ դեպքում։

Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման պարագայում չկա որևիցե բաղադրիչ, որը չպետք է հաշվի առնել։

«Բայց, այնուամենայնիվ, պետք է ձևավորվի հարթակ, որտեղ այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն, դրանց հակաիմպուլսներ ձևավորվեն, որ, ի վերջո, հնարավոր լինի ապաբլոկավորել տնտեսությունը և տրանսպորտային ապաբլոկավորման խնդիրը լուծել։ Այո, այդ խնդիրը պետք  է լուծվի։ Խնդրի ճիշտ լուծումն ինքնին անվտանգության երաշխիք կարող է լինել։ Կան իրավական, տնտեսական վերլուծությունների, ռիսկերի գնահատման խնդիրներ, բայց դրանք պետք է քննարկել։ Եթե կա տպավորություն, որ այսօր այդ բոլոր խնդիրները լուծված են և պատրաստի լուծումներ կան, որոնք պետք է հենց այսօր պայմանավորվեն և կնքվեն, այդպես չէ»,- ասաց Գրիգորյանը։