Բայդենը ձգտելու է Իրանի հետ միջուկային նոր համաձայնության հասնել. ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» հիման վրա ձգտելու է Իրանի հետ միջուկային ավելի երկարաժամկետ գործարքի կնքմանը հասնել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» հաջողություն ուներ դրանում ամրագրված դրույթների շրջանակում: ԱՄՆ ընտրված նախագահը կարծում է, որ եթե Իրանը վերադառնա այդ դրույթների պահպանմանը, ապա մենք էլ նույնը կանենք: Բայց մենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» օգտագործելու ենք որպես հարթակ՝ ավելի երկարաժամկետ ու ամուր համաձայնության հասնելու համար մեր այն դաշնակիցների ու գործընկերների հետ, որոնք կրկին մեզ հետ միևնույն կողմում կլինեն»,- հայտարարել է Բլինքենը:
Նա հայտարարել է նաև, որ իրենց վարչակազմն «ավելի լայն գործարքի» շրջանակում փորձելու է կարգավորել նաև Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծման շուրջ առաջացած խնդիրը:
Բլիբքենն ասել է, որ Բայդենը հավատարիմ է Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը թույլ չտալու սկզբունքին, հայտարարել նաև, որ Իրանի հետ միջուկային նոր համաձայնության հարցով բանակցություններ են լինելու Կոնգրեսի, նաև՝ Իսրայելի, Պարսից ծովի երկրների հետ:
2018 թ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրել ԱՄՆ-ը Իրանի հետ 2015 թ. կնքված միջուկային համաձայնագրից դուրս բերելու վերաբերյալ, որից հետո հակաիրանական շնշումներն ավելի սաստկացան:










