Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի արկածախնդրությունն ամենևին էլ պայմանավորված չէ գազի պաշարների որոնմամբ․ Foreign Policy
Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե գազով, այլ ինքնիշխանության ռևիզիոնիստական աշխարհաքաղաքական հավակնություններով, Foreign Policy պարբերականի համար հրապարակված հոդվածում գրել են հետազոտողներ և վերլուծաբաններ Զենոնաս Ցիարասը և Ջալել Հարչաուին:
Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը պետք է դիտարկել տարածաշրջանում ավելի լայն դինամիկայի շրջանակում: Նրանց խոսքով՝ հակամարտող շահերի նկատմամբ տարածաշրջանի խոցելիությունն ի հայտ է եկել Իրաքի պատերազմից հետո, որը փոխել է Միացյալ Նահանգների գերակայություններն ամբողջ աշխարհում:
«Անկարան օգտագործում է Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում իր տարբեր ինստիտուցիոնալ, տնտեսական կապերը, որպեսզի բարձրանա տարածաշրջանային համակարգի իշխանական աստիճաններով՝ միաժամանակ իր տանը չընդունելով լիբերալիզմը»,- հայտարարել են Ցիարասն ու Հարչաուին:
Նրանց խոսքով՝ երկրի ներքին քաղաքականությունը շարժվում է Իսլամական պոպուլիզմի, ազգայնականության և ավտորիտարիզմի ուղղությամբ։
Արտաքին քաղաքականության մեջ Անկարան ձգտում է մեծ տերություն դառնալ ամենուր`այնտեղ որտեղ հնարավորություն է տեսնում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխարհայացքը ցույց է տալիս, որ Միջերկրական ծովում Կիպրոսի և Հունաստանի հետ վեճը վերաբերում է ոչ միայն բնական գազի պաշարներին, այլ ավելի շուտ ինքնիշխանության հնագույն հարցին: Նրա քաղաքականությունն ընդգրկում է ինչպես հին, այնպես էլ նոր աշխարհաքաղաքական ձգտումներ։
«Թուրքիան այժմ ռևիզիոնիստական պետություն է. նա, ինչպես Սիրիայում և Իրաքում, ռազմական ներխուժումներ է ձեռնարկում և ձգտում է վերահսկել ուրիշի տարածքը, ինչպես Կիպրոսի և Հունաստանի դեպքում, մարտահրավեր է նետում ցամաքային և ծովային սահմաններին, ինչպես Սիրիայում և Հյուսիսային Կիպրոսում, զբաղվում է ժողովրդագրական ինժեներիայով և քաղաքական միջամտությամբ, ինչպես Սոմալիում և Կատարում, աջակցում է արտասահմանյան բազաներին, և ինչպես Լիբիայում, Հյուսիսային Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում, ոգևորում է իրենից կախյալներին», -նշում են նրանք։
Հոդվածագիրների խոսքով՝ Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետևորդները երբեք նման ռիսկային արկածախնդրության չէին գնա։ Ընդհակառակը, «քեմալական արտաքին քաղաքականությունը հիմնականում վախենում էր կորցնելու վտանգից, այլ ոչ թե ձգտում էր ինքնիշխան տարածք ստանալ։ Սակայն Էրդողանը և նրա հետևորդները միշտ ավելիին են ձգտում»։










