Իրաքը հայտնել է երկրի կենտրոնական քաղաքում H5N8 թռչնագրիպի բռնկման մասին. ոչնչացվել է 68 800 հավ

12:24 • 21.01.21

Իրաքը հայտնել է երկրի կենտրոնական Սամարա քաղաքում H5N8 թռչնագրիպի բռնկման մասին, Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպությանը հղումով գրում է english.alarabiya.net-ը։

Նշվում է, որ վիրուսը հայտնաբերվել է հունվարի 12-ին՝ Բաղդադից 130 կմ հյուսիս ընկած ֆերմայում: Վիրուսի հետևանքով 68 800 հավից 63 700-ը սատկել է․ մյուս կենդանիներին նույնպես ոչնչացրել են։

Իրաքի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ հավերը վարակվել են վայրի թռչուններից։

«Խանութները ստերիլիզացրել են, և մենք շրջափակել ենք տարածքը։ Իհարկե, մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի արգելափակենք Սամարայից այլ շրջաններ վիրուսի տարածումը»,- ասել է երկրի նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով․«Իրաքում թռչնագրիպի դեմ պատվաստանյութ չկա, քանի որ հիվանդությունը ամեն տարի չէ, որ տարածվում է։ Անցյալ տարի մենք բռնկումներ չենք ունեցել, մինչդեռ երկու տարի առաջ այն շատ ավելի մեծ էր, քան այս տարի»։