Նիկոլ Փաշինյանը դատարանի նոր տեսակ է ստեղծում, որ ընդդիմադիրներին ճնշի. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

11:52 • 22.01.21

Նիկոլ Փաշինյանն այս երկու տարվա ընթացքում գոչում է նախկինների մասին, բայց պարոն Ջհանգիրյանի անցյալը, նրա օրոք անօրինությունների մասին լեգենդներ են հյուսում: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Խորհրդարանում ԲԴԽ անդամներ ընտրելու մասին:

«Բայց այստեղ խնդիրը Ջհանգիրյանը չէ, այլ այն, որ Կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի Ադրբեջանից, հրատապ կարգով կալանքի օրինագիծ է անցկացնում, արագ-արագ ԲԴԽ-ի նոր անդամի թեկնածություն է առաջարկում: Ես ուզում եմ՝ մեր քաղաքացիները հասկանան, որ այս պահին Նիկոլի մտքին միայն համոզելն է, որ Շուշին հայկական քաղաք չէր, որ երկրի համար մեկ խնդիրը մենք ենք՝ ընդդիմադիրները»,-ասաց նա:

Ըստ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ օգտագործի բոլոր լծակներն իր օգտին՝ պետական, քրեական, բիզնես, որպեսզի ճնշի իր համախոհներին: «Նիկոլ Փաշինյանը դատարանի  նոր տեսակ է ստեղծում, որպեսզի ընդդիմադիրներին ճնշի, այս մարդու հետ մենք ի՞նչ արտահերթ ընտրությունների գնանք»:

Մամիջանյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, և այս պահին միակ իրական քաղաքական օրակարգը վերջինիս հրաժարականի պահանջը և ժամանակավոր Կառավարության ստեղծումն է:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը, խոսելով այն կարծիքի մասին, թե ընդդիմությունը կտրուկ քայլերի չի գնում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ամբողջովին օրակարգ բերելու համար նշեց, որ անգամ այն, որ Փաշինյանը հայտարարում է՝ արտահերթ ընտրությունների է գնալու, արդեն ձեռքբերում է:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա են անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։