Ամերիկացի փորձագետը կարծում է, որ «Թրամփի պատը» չի լուծել մեքսիկացի ներգաղթյալների հետ կապված խնդիրը
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալ Թրամփի կողմից ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կառուցված պատը չի լուծում անօրինական ներգաղթի խնդիրը, սակայն նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դրան ձեռք չի տա և միայն կնվազեցնի սահմանի ռազմականացման մակարդակը: Այս մասին խոսել է Մինեսոտայի համալսարանի լատինամերիկյան ուսումնասիրությունների պրոֆեսոր, փորձագետ Ջիմի Պատինոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Սահմանային անցման հիմնական շրջաններն արդեն ցանկապատված են, և հետազոտությունները ցույց են տալիս, որ միգրանտները պարզապես շրջանցում են պատերը կամ ներթափանցման այլ եղանակներ գտնում: Էժան աշխատուժի կապիտալիստական հավաքագրումը շատ ավելի հզոր ուժ է, քան ցանկացած պատ», - ասել է նա` հավելելով, որ չի կարծում, որ դեմոկրատները միջոցներ կհատկացնեն պատը պահպանելու նպատակով, և, ամենայն հավանականությամբ, էապես կնվազի սահմանի ռազմականացման մակարդակը:
Ներգաղթի վերաբեյալ Դոնալդ Թրամփի օրակարգը, ըստ պրոֆեսորի, վերադարձ է Քարթերի վարչակազմի` պատ կառուցելու և ԱՄՆ-Մեքսիկա սահմանը ռազմականացնելու փորձին: Իրականում, երկու կողմերն էլ աջակցում են ներգաղթին, որն անհրաժեշտ է ամերիկյան տնտեսության մի շարք ոլորտներում աշխատատեղեր լրացնելու համար, բացատրել է Պատինոն և հավելել. «Այսպիսով, Թրամփը (պատի կառուցման գործում) ինչ-որ կերպ հաջողության հասավ, բայց միայն այնքանով, որ նրա օրակարգն ամրապնդեց սահմանը ռազմականացնելու նախկինում գոյություն ունեցող գաղափարները»:
Ըստ պրոֆեսորի՝ պատն ինքնին բացասաբար է ազդել Լատինական Ամերիկայի երկրներում Միացյալ Նահանգների հեղինակության վրա, քանի որ դա ցույց է տվել նրանց քաղաքացիների նկատմամբ դրսևորվող քաղաքականության վատթարացումը: Նա նշել է, որ, հաշվի առնելով Միացյալ Նահանգների գործողությունները, կարելի է ասել, որ գերազանցության բարդույթ ունեցող ամերիկացի ագրեսորների կերպարը լատինամերիկացիների մի զգալի մասի մոտ` էլ ավելի է ամրապնդվել»:
Նա նշել է, որ Կենտրոնական Ամերիկայի հյուսիսային հատվածի շատ երկրներ աշխարհի ամենախնդրահարույց տնտեսություններից են, ինչը մի քանի տասնամյակ առաջ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների, աջակողմյան ռեժիմներին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության և բնական աղետների հետևանք է: Ուստի ներգաղթյալները կշարունակեն փորձել Միացյալ Նահանգներ հասնել` մինչ իրենց երկրներում տնտեսության վերականգնումը. «Նեոլիբերալ քաղաքականությունն ու ԱՄՆ-ի շարունակական միջամտությունը չափազանց դժվարացնում են այդ վերականգնումը», - նշել է փորձագետը:
Նրա կարծիքով, շատ բաներ հնարավոր էր շտկել ներգաղթյալներին փախստականի կարգավիճակ տալու միջոցով, ինչպես նաև անօրինական կարգավիճակի վերացմամբ նրանց համար, ովքեր արդեն գտնվում են Միացյալ Նահանգներում: Բացի այդ, նա կարծում է, որ շահավետ է ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը, որը թույլ կտա, որ Հոնդուրասում, Գվատեմալայում և Սալվադորում ժողովրդավարական գործընթացներն ավելի լավ արմատավորվեն` տնտեսական օգնություն տրամադրելուն և այդ երկրների տնտեսության մի քանի ոլորտների ազգայնացմանը զուգահեռ:
Պատինոն բարձր է գնահատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի` ներգաղթի վերաբերյալ առաջին որոշումը, որը երաշխավորում է DACA ծրագրի շարունակականությունը: Այս ծրագրով թույլատրվում է ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար դիմել նրանց, ովքեր ներգաղթել են Միացյալ Նահանգներ մանուկ հասակում:
Համաձայն Դոնալդ Թրամփի նախաձեռնության՝ ԱՄՆ-Մեքսիկա պատը պիտի ձգվեր 720-ից 800 կիլոմետր, որից 727-ը հունվարի 5-ի դրությամբ արդեն իսկ կառուցված է: Դրա վրա ծախսվել է մոտ 16 միլիարդ դոլար:










