«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրությանը. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

12:35 • 22.01.21

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, բացատրելով, թե ինչու է խմբակցությունը լքել նիստերի դահլիճը:

«82 անձինք չունեն սեփական կարծիք և առաջնորդվում են մեկ անձի կարծիքով, իսկ մենք որևէ հնարավորություն չենք տեսնում մեր խոսքով ազդելու այդ մարդկանց վրա:  Ես բազմիցս ամբիոնից փորձել եմ հորդորել գործընկերներիս՝ լինեն ավելի լայնախոհ և որոշումների մեջ ազատ կամք դրսևորել, ոչ թե լինել կամակատար:  Քանի դեռ իշխանության ներկայացուցիչները իրենք իրենց որակավորում են որպես կամք չունեցող անձինք, ես կրկնում եմ՝ որևէ հույս չունեմ , որ այդ մարդկանց որոշումների կայացման վրա կարող ենք ազդեցություն ունենալ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Հարցին՝ արդյո՞ք խմբակցության ձայնն ավելի լսելի չէ ամբիոնից, Տարոն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ. «Թե’ միջանցքներում, թե’ ամբիոնում քաղաքացին լսում է մեր ձայնը, և խոսում ենք այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինում է, քաղաքական ակտը, որը եղավ քիչ առաջ, ևս մեր ձայնի բարձրացման տարբերակ էր»,- ասում է Տարոն Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: