Արցախցի ընտանիքը՝ կորսված հայրենի հողի, պատերազմի հետևանքների ու սպասումների մասին (տեսանյութ)
Էմմա Աբաղյանը Հադրութի շրջանի ՄԵծ Թաղեր գյուղից է, պատերազմը խլել է նաև նրա 45 տարվա վաստակը, պատմությունը։ Ստիպված որդու ընտանիքի հետ ժամանակավորապես տեղափոխվել է Արարատի մարզ:
Մեծ Թաղերի բնակչուհին հույսը դեռ չի կտրել, հավատում է՝ մի օր հարազատ տուն է վերադառնալու․ «1976 թվից Մեծ Թաղեր գյուղում էի ապրում, վատ չէինք ապրում, գյուղացիները լավ էին ինձ վերաբերում, հարևանների հետ էլ լեզու էինք գտել»,-պատմում է նա:
Էմմա Աբաղյանի որդին՝ Սամվելը, Հադրութի Ազոխ գյուղում էր բնակվում, մասնակցել է մարտական գործողություններին, նրա խոսքով՝ այս պատերազմը շատ էր տարբերվում, թշնամին էլ առանց անօդաչուների դժվար թե հաղթեր։
Սամվել Աբաղյանը նախկինում Հադրութում է ծառայել, բայց առողջական խնդիրների պատճառով թողել է ծառայությունը, զբաղվում էր հողագործությամբ ու անասնապահությամբ, որն էլ դարձել էր ընտանիքի հիմնական եկամուտը․ հիմա դա էլ չկա։
Տունը թողել ու դուրս են եկել, ձեռքը չի գնացել, որ այրի սեփական տունը․ ցավը մի կերպ ժպիտով թաքցնելով՝ պատմում է, որ անասուններն էլ հավանաբար նոր տերեր ունեն․ «Անտեր չեն մնացել, թուրքը տեր է կանգնել։ Սս սիրտ չունեմ, չեմ կարող տունը այրել, տուն է մնացել է՝ Աստծու կամքն է»,-ասում է նա։
Ազոխի բնակիչը խոստովանում է՝ առանց հայրենակիցների օգնության ձմռանը դժվար կլիներ դիմանալ, թեև դժգոհ չէ այստեղի կյանքից, բայց, միևնույն է, Արցախի հողը կանչում է. «Ես չեմ եկել որ մնամ, ես եկել երեխաներիս տեսնելու ու էլի գնամ Ստեփանակերտ, շրջակա գյուղերը»։
Քրիստինե Բաղդասարյանի համար դժվար է խոսել կորսված հայրենի հողի մասին․ նա, ինչպես բոլորը, կարծել էին, թե պատերազմը մի քանի օր է տևելու, որից հետո էլ ապրելու են իրենց նախկին կյանքով։
Նա գոհ էր իրենց գյուղական կյանքից։ Հող էին մշակում, արդեն բարիքներ ստանալու ժամանակն էր․ բայց ամեն ինչ թողեցին ու եկան։
Ընտանիքի ապագան մշուշոտ է, չգիտեն՝ ուր են գնալու, որտեղ են ապրելու, բայց մի բան հստակ է՝ բոլոր ճանապարհները տանում են Արցախ:










