ԵՊՀ-ի լսարաններից մեկը այսուհետ կկոչվի հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի անունով (տեսանյութ)

20:44 • 28.01.21

Երևանի պետական համալսարանի լսարաններից մեկն այսուհետ կկոչվի Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանի անունով:

Մայր բուհում այսօր հերոսին նվիրված հուշ-ցերեկույթին դասախոսներն ու դասընկերները հպարտությամբ ու ափսոսանքով էին հիշում սիրելի ուսանողին ու ընկերոջը։ Հուզմունքը կոկորդում խեղդելով՝ ասում էին՝ կյանքում համեստ ու քչախոս էր, պատերազմի դաշտում՝ քաջ ու անվախ։

Հերոսի հայրը որդու անունը կրող լսարան մուտք գործելիս հուզվեց, ասաց՝ հպարտ է, որ որդու անունը կրող լսարանում շարունակելու են կրթվել նորանոր սերունդներ ու վարակվել նրա քաջությամբ ու հայրենասիրությամբ: Հետո հիշեց, որ հետախույզ դառնալու որդու որոշմանը միշտ աջակցել է, քանի որ ռազմական արվեստի հանդեպ սերը տղայի մեջ մանկուց է նկատել.

«Մինչև հիմա իր խաղալիքները տանը կան՝ տանկերը, ավտոմատը: Փոքր տարիքից սիրել է ռազմական գործը և ես երբեք դեմ չեմ կանգնել, սպորտում նույնպես մեծ հաջողություններ է ունեցել, ֆիզիկապես շատ լավ պատրաստված էր, թշնամու թիկունք էր թափանցում և երբեք չէր վախենում. անվեհեր տղա էր: Ես հպարտ ու ուրախ եմ, որ այս լսարանում  իր կերպարը կա, և իր օրինակով շատ ու շատ սերունդներ պետք է դաստիարակվեն»:

Վահագն Թումասյանի մարտական ընկերը՝ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը, պատմում է, որ 2007 թվականից միասին ծառայել են հատուկ նշանակության ջոկատում, միասին անցել ուսումնական մարզումներ, և մասնակցել մարտական գործողությունների:

«Վահագն իր կերպարով լիդեր էր, շատ լավ ընկեր էր ու մաքրամաքուր մարդ: Մենք հպարտ ենք, որ մենք ունեցել ենք իր պես ընկեր: Ինքը  յուրաքանչյուր ոլորտում իրեն դրսևորում էր յուրովի՝ կլիներ պար, երգ, թե սպորտային կյանք: Իր տեսակով տարբերվող էր, ցավոք վաղ հեռացավ, բայց բոլորիս սրտերում է:  Իր արածը անգնահատելի է, իր գործը մենք պետք է շարորւնակենք»,- հուզմունքով նշեց նա:

Պատմաբան Գևորգ Մելքոնյանն էլ նշում է՝ Վահագնը այն կերպարն էր, որ ոչ միայն մտքով, այլ նաև գործով ապացուցեց հայրենիքի նկատմամբ իր նվիրվածությունն ու սերը.

«Պատմության ֆակուլտետն արցախյան պատերազմին մեծ թվով մասնակիցներ է տվել, այս պատերազմում էլ զոհվել են ութ շրջանավարտներ և լսարանի բացումը պատգամ է մեր սերունդներին: Նախաձեռնել ենք Թումասյանին ՀՀ Ազգային հերոսի կոչում տալու քաղաքացիական նախաձեռնություն, որին կմիանան օրենսդիր մարմիններ, կարծում եմ, որ պատմության ֆակուլտետը արժանի է, որ ունենա իր երկրորդ ազգային հերոսն ի դեմս Վահագն Թումասյանի»:

Մայրը՝ Մարիամ Թումասյանը, ասում է՝ Վահագնի  սխրանքների մասին դեռ շատ կխոսեն, որդու կորստով սփոփվում է՝ տեսնելով ինչպես են գնահատում ու  հիշում նրան:

«Պատերազմի օրերին շատ տխուր էր, չէր խոսում, մտահոգ էր, երևի թե ընթացքն ավելի լավ գիտեր, քան ներկայացվում էր: Վերջին օրը եկավ շատ հոգնած, առավոտյանտեսա ննջարանի դուռը փակ է, ասեցի երևի քնած է, բայց փաստորեն ինքն արթնացել էր ու սպասել, որ դուրս գամ, գնամ աշխատանքի, որ հետո գնա լուց ես չճանապարհեմ, որովհետև ամեն անգամ իրեն ճանապարհելիս հուզվում էի, հետևից ջուր էի լցնում, այդպես ստացվեց մեր բաժանումը: Հիմա էլ միշտ սպասում եմ ու անսահման կարոտ զգում»,- պատմեց մայրը: