Զարիֆն ու Զուրաբիշվիլին քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր  

19:40 • 28.01.21

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թբիլիսի կատարած այցի շրջանակներում կոչ է արել վրաց կառավարությանն օգնել կարգավորելու Վրաստանում բնակվող իրանցիների և կովկասյան տարածաշրջան ուղևորվող բեռնատարների վարորդների առաջ ծառացող խնդիրները:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, կովկասյան շրջագայութան 4-րդ օրը Զարիֆը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներն ու իրավիճակը տարածաշրջանում:

Անդրադառնալով Վրաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ Զարիֆը հույս է հայտնել տարբեր ոլորտներում երկու կողմերի միջև հետագա համագործակցության առաջխաղացման համար, հատկապես՝ առևտրի և տնտեսական փոխգործակցության:

Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղում տիրող իրավիճակին, և Զարիֆը վրաց նախագահին տեղեկացրել է տարածաշրջանի մյուս երկրներում ԼՂ հարցով բանակցությունների մասին: