Պենտագոնը պետք է վերանայի Ռուսաստանի և Չինաստանի դեմ կռվի հնացած սցենարները. Forbes

18:06 • 29.01.21

Ամերիկյան Forbes ամսագրում լույս է տեսել հոդված, որում հեղինակ Բրայն Քլարքը խոսում է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության վարած քաղաքականության թերությունների և դրանց հնարավոր հետևանքների մասին:

Պենտագոնի ռազմավարական պլանավորումը ենթադրությունների և կանխատեսումների բարդ և խիտ խառնուրդ է, սակայն դրա ամենահզոր բաղադրիչը դեռևս գործառնական սցենարներն են, կարծում է հեղինակը: Դրանց նշանակությունը փոխվում է վարչակազմերի փոփոխությամբ: Սպառնալիքները գալիս և գնում են, սակայն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից դիտարկվող իրավիճակների նկարագրությունը առանցքային դեր է խաղում պաշտպանական ծախսերի ուղղությունները որոշելու հարցում: Ավաղ, կազմակերպչական իներցիան և բյուջեի դոլարների համար չդադարող մրցակցությունը, ըստ հոդվածագրի, ԱՄՆ-ի զինված ուժերին մղում են սցենարների, որոնց հիմքում հին և թանկ ծրագրերն են: Մինչդեռ Միացյալ Նահանգների թշնամիները վարում են բոլորովին այլ տիպի պատերազմներ:

Անցած տասնամյակի ընթացքում Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, իր պլանները կենտրոնացրել է հավասարազոր հակառակորդների վրա, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, ինչպես նաև միջուկային զենք ունեցող երկրների, որոնցից է Հյուսիսային Կորեան: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության վերլուծություներում գերակշռում են լարված բախումները հենց այս հակառակորդների հետ, սակայն ենթադրվում է, որ վատթարագույն սցենարները, ինչպիսին է Թայվան ներխուժումը, ներառում են նաև «պակաս ծանր» դեպքեր: Օրինակ ՝ Ճապոնիայի հարավարևմտյան կղզիների երկարատև շրջափակումը կամ երկարաժամկետ ստորջրյա սպառնալիքը Միացյալ Նահանգների ափերի մոտ:

«Տեղյակ լինելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ շեշտը բարձր ինտենսիվության մարտական գործողությունների վրա դնելու քաղաքականությանը, մեր հավանական հակառակորդները մշակում են ռազմավարություն՝  ԱՄՆ-ի ռազմական առավելությունները շրջանցելու նպատակով: Կենտրոնանալով բարձր ինտենսիվության բախումների նեղ շրջանակի վրա ՝ որպես ապագայի հիմնական սպառնալիքներ, Պաշտպանության նախարարությունը կարող է ծուղակն ընկնել», - գրել է Քլարքը:

Խոսելով նոր ռազմադաշտերի ի հայտ գալու մասին՝  հեղինակը նշել է, որ, որպես ԱՄՆ-ի ռազմական հզորությունը շրջանցելու իրենց ջանքերի մի մաս, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերը ձգտում են տեղեկատվությունն ու որոշումների կայացումը ապագա հակամարտության առաջնային մարտադաշտը դարձնել: Հասկացությունները, ինչպիսիք են Չինաստանի ժողովրդական բանակի «համակարգերը կործանելու պատերազմը» կամ ռուս զինվորականների «նոր սերնդի պատերազմը» ստիպում են էլեկտրոնային հարթակում կամ ֆիզիկապես խեղաթյուրել թշնամու տեղեկատվական աղբյուրներն ու հաղորդակցությունները, կարծում է հեղինակը և հավելում. «Նրանք պատրաստվում են կեղծ տեղեկություններ ներդնել մեր համակարգերում, որոնք կապակողմնորոշեն և կդժվարացնեն իրավիճակը հասկանալը»:

Քլարքը նշել է, որ իրենց հիբրիդային արշավներում Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերը համատեղում են տեղեկատվական գործողությունները հակառակորդի մեկուսացման հետ՝ միևնույն ժամանակ խուսափելով առճակատման էական սրումից: Զերծ մնալով այնպիսի գործողություններից, որոնց անխուսափելիորեն հաջորդելու են ԱՄՆ-ի պատասխան գործողությունները՝  չինական և ռուսական ուժերն ապահովում են որոշումների կայացման իրենց առավելությունը և զրկում ԱՄՆ-ի հրամանատարությանն օգտվել առկա տարբերակներից:

Սառը պատերազմի ավարտին, ըստ հոդվածագրի, Միացյալ Նահանգների զինված ուժերի հեղափոխական մոտեցումը հիմնված էր այն ժամանակվա ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով տվյալների փոխանցման վրա, իսկ թշնամին պատրաստվում էր որոշումների վրա հիմնված պատերազմի: Նման պատերազմը կարող է լինել արհեստական ինտելեկտը, նշել է հեղինակը:

«Որոշումների վրա հիմնված պատերազմը չի համընկնում հին սցենարների հետ, այստեղ կարևորը ոչ թե թշնամու դեմ մահացու ելքով առավելության ապահովումն է, այլ սեփական կայունությունը: Այստեղ հրամանատարի առավելությունը տեղեկատվության հիման վրա կայացված որոշումներն են, որոնք կարող են խանգարել և փչացնել հակառակորդի որոշումների կայացման գործընթացը», - գրում է հեղինակը:

Քլարքը նշում է, որ այն իրավիճակները, որոնք Պաշտպանության նախարարությունը քննարկում է այսօր, օրինակ, կարճ, ինտենսիվ ներխուժումները Թայվան, առաջնահերթություն չեն տալիս ո՛չ հարմարվողականությանը, ո՛չ կայունությանը, որոնք այդքան անհրաժեշտ են որոշումների վրա հիմնված հակամարտություններում: Վերոնշյալ սցենարներում նախընտրելի են ծանր զինված և խիստ պաշտպանված նավերը, օդանավերը և ռազմական կազմավորումները: Սրանք հզոր հարվածող ուժեր են, բայց դրանք գնելն ու մարտական պայմաններում պահելը թանկ արժեն: Այս ամենի հետևանքով, պատրաստված լինելով լայնամասշտաբ մարտերի, ԱՄՆ-ի ներկայիս ուժերը չեն հարմարվում հակամարտության ընթացքում առաջացած  անկանոնությունների հետ, կարծում է հոդվածագիրը:

Այսպիսով, հեղինակը կարծում է, որ Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը պետք է վերանայի հնարավոր բախումների իր սցենարները: Պաշտպանության նախարարությունը պետք է առաջնահերթություն տա տեղեկատվության և որոշումների կայացման սցենարներին, ինչպիսիք են միության տարածքի կամ կղզիների երկար ժամանակ տևող շրջափակումը կամ կարանտինը:

«Որոշումների վրա հիմնված սցենարները ԱՄՆ-ի զինվորական ստորաբաժանումները կդարձնեն ավելի փոքր, տարանջատված և ինքնավար: Սա հնարավորություն կտա ավելի հեշտ վերախմբավորել գործողություններն ու կբարձրացնի զինված ուժերի հարմարվողականությունը, իսկ հրամանատարներին ավելի լայն հնարավորություններ կտա», - գրել է հոդվածագիրը:

Եզրափակելով իր հոդվածը՝  հեղինակ Բրայն Քլարքը նշել է, որ եթե Պաշտպանության նախարարությունը չվերանայի իր սցենարները և չվերաբաշխի իր ուժերը, ապա Չինաստանի և Ռուսաստանի վերջին հաջողությունները Չինական ծովի հարավում կամ Ղրիմում կարող են նախադեպ դառնալ, իսկ ԱՄՆ-ի զինված ուժերը կարող են պարտվել: