Պուտինը 5 տարով երկարաձգել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման (ՌՀՍ) պայմանագրի երկարացման մասին համաձայնագրի վավերացման օրենք է ստորագրել, Կրեմլի մամլուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։
«Սույն դաշնային օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ՌՀՍ պայմանագիրը 5 տարով երկարացնելու մասին համաձայնագիրը, որը ներկայացրել էր պետության ղեկավարը, միաձայն վավերացվել էր Պետական դումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի անդամների կողմից:
Նշենք՝ մեկ օր առաջ տեղի էր ունեցել Պուտինի հեռախոսային զրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հաջողվել այդքան արագ համաձայնության գալ ՌՀՍ պայմանագրի թեմայի շուրջ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ պարզաբանել էր, որ «դրան նախորդել է բավականին լարված աշխատանք»:
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնել են ՌՀՍ պայմանագիրը երկարացնել առանց նախապայմանների։










