Այս պահին փոխհատուցումներ տրվում են Արցախում, բոլոր նրանք, ովքեր կվերադառնան վերաբնակեցվելու Արցախում, կստանան տանիք, կօգտվեն այլ ծրագրերից. Քաշաթաղի վարչակազմի ղեկավար (տեսանյութ)
Կառավարության մոտ կացարան պահանջող քաղաքացիների հետ հանդիպման է եկել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը: Նա քաշաթաղցիներին հորդորեց վերադառնալ Արցախ, վերաբնակվել այն տարածքներում, որոնք մնացել են հայկական վերահսկողության տակ:
Լրագրողների հետ զրույցում Ալավերդյանը նշեց, որ շատ պաշտոնյաների հետ է հանդիպել քաշաթաղցիների բնակարանների խնդիրների հարցով, սակայն այս պահին դեռ հստակ որոշում չկա: «Փոխհատուցումներն այս պահին Արցախում են տրամադրվում. փոխհատուցման ծրագրերն առաջնային գործում են Արցախի տարածքում: Հիմա, որ տեղափոխվեն Արցախ, տանիքով, հողամասով կապահովենք, չեն համաձայնում: Բոլորը կարող են վերաբնակեցվել Արցախում, ինչքան շատ լինեն, այնքան լավ»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ 94 թ․ Քաշաթաղը վերաբնակեցվել էր, հիմա վերադարձողներն ի՞նչ երաշխիք ունենան, որ նորից նույնը չի կրկնվի, նա արձագանքեց. «Ոչ մի երաշխիք չկա, դա ընտրության հարց է»:
Ճշտող հարցին՝ նա ի՞նչ ընտրություն է կատարել, հիմա որտեղ է ապրում, ասաց, որ դեռ ընտրություն չի կատարել, բայց հիմա ապրում է Բերձորում: «Բնակիչներին առաջարկում եմ, որ այն մարդիկ, ովքեր կցանկանան Արցախի այլ բնակավայրերում՝ Մարտունիում, Մարտակերտում վերաբնակեցվել, տանիք կստանան, այդ ծրագրերից, ովքեր կհամաձայնեն, կօգտվեն։ Որոշ բնակիչներ, ապրելով այնտեղ, կհասկանան, որ անվտանգության մակարդակը բավարար է, իրենց հարևաններին այդ մասին տեղյակ կպահեն»,- ասաց նա:
Նշենք, որ Քաշաթաղի ղեկավարը բերձորցիներին մեղադրեց Արցախը լքելու մեջ, հնչեցրեց այլ մեղադրանքներ:










